Աբովյանի նախկին համայնքապետի գործի նախաքննությունն ավարտվել է․ 9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Աբովյանի նախկին համայնքապետի գործի նախաքննությունն ավարտվել է․ 9 մլն դրամի վնասը վերականգնվել է

29 դեկտեմբերի 2025 – 16:16 AMT

PanARMENIAN.Net – Ավարտվել է Աբովյան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը, 9 մլն դրամի վնասը վերականգնվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված, օտարման ոչ ենթակա՝ 916․6 քմ և 598 քմ մակերեսներով երկու հողամասերը, որի հետևանքով համայնքը զրկվել է քաղաքի գլխավոր հատակագծում որպես զբոսայգի և պուրակ ներառված նշված տարածքներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված տարածքները օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու հանգամանքը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով՝ Աբովյան համայնքի ղեկավարը 2016 և 2018 թվականներին կազմած որոշումների մեջ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ է մտցրել նշված հողամասերի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման լինելու մասին, որից հետո դրանք 923,100 և 2,177,000 ՀՀ դրամով աճուրդային կարգով ապօրինի օտարվել են այլ անձանց:

Վերը նշված հանցանքերի կատարման համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), (համապատասխանում է 2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), (համապատասխանում է 2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին):

Համայնքին պատճառված 18,914,383 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Leave a Comment