29 դեկտեմբերի 2025 – 15:36 AMT
PanARMENIAN.Net – Առաջիկա տոնական օրերը ստեղծում են նպաստավոր պայմաններ սուր շնչառական վիրուսների տարածման համար։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի նախաձեռնությամբ կայացել է աշխատանքային քննարկում՝ նվիրված շտապօգնության ծառայության տոնական պատրաստվածությանը։ Նա բարձր է գնահատել շտապօգնության դերը հատկապես տոնական շրջանում, երբ քաղաքացիների անվտանգության ապահովումը լրացուցիչ զգոնություն է պահանջում՝ տեղումների և եղանակային պայմանների խստացման պայմաններում։
Գասպարյանը հանձնարարել է ուժեղացնել հերթապահությունները բոլոր կայաններում՝ յուրաքանչյուր կայանում ավելացնելով մեկական բժշկական բրիգադ, որպեսզի արձագանքն առավել արդյունավետ ու օպերատիվ լինի։
Հանձնարարականների հիման վրա տոնական օրերին շտապօգնության ծառայությունը կգործի ուժեղացված ռեժիմով՝ առավել պատրաստվածությամբ արձագանքելով բոլոր արտակարգ դեպքերին։
Եվրոպական տարածաշրջանում շնչառական վիրուսների տարածման աճը շարունակվում է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով՝ դեկտեմբերի 8-14-ը վերլուծվող շաբաթվա ընթացքում 24 երկրում սուր շնչառական վարակների (ՍՇՎ) դեպքերը գերազանցել են սահմանային մակարդակները, հայտնում է ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը։
Մասնավորապես գրիպի ակտիվությունն ընթացիկ 2025-2026 թվականների սեզոնին սկսվել է 3-4 շաբաթ շուտ՝ նախորդ տարիների համեմատությամբ՝ գերազանցելով համաճարակային շեմը և հասնելով 39 տոկոսի։ 28 երկրում գրիպի դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 27%՝ տատանվելով 2-ից 78 տոկոսի միջակայքում, իսկ առավել բարձր դրականություն գրանցվել է 5-ից 14 տարեկան երեխաների շրջանում։
Միևնույն ժամանակ, արձանագրվում է հոսպիտալացումների թվի աճ՝ բոլոր տարիքային խմբերում, հատկապես 65 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Տարածաշրջանում շարունակում է գերակշռել A(H3) տիպի գրիպի վիրուսը, իսկ A(H3N2) ենթատեսակի տարածումն էլ ունի բարձրացող միտում։ Ըստ տվյալների՝ 22 երկրում գրիպի ակտիվությունը գնահատվել է որպես միջին կամ բարձր, իսկ 28-ը հայտնել են դրա լայնածավալ տարածման մասին։
Թեև SARS-CoV-2 վիրուսի ակտիվությունը նվազում է, իսկ շնչառական սինցիտյալ վիրուսի (RSV) ցուցանիշները աճում են՝ վերջինս հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, իրավիճակը շարունակում է մնալ զգոնության պահանջող։
Այս առնչությամբ, ECDC-ի մասնագետները հորդորում են՝
- ընդլայնել գրիպի և COVID-19-ի պատվաստման ծածկույթը՝ հատկապես ռիսկի խմբերի շրջանում,
- կիրառել հակավիրուսային դեղամիջոցներ,
- խստացնել հակահամաճարակային ռեժիմը բուժհաստատություններում և երկարատև խնամքի կենտրոններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դիմակների կրման կարգին։
Մասնագետները նաև հիշեցնում են կանխարգելման հիմնական կանոնները՝ hետևել շնչառական հիգիենային՝ ճիշտ փռշտալու և հազալու վարվելակարգով, անհրաժեշտության դեպքում կրել դիմակ, hաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը, [ուսափել մարդաշատ փակ տարածքներից, aպահովել բավարար օդափոխություն բնակարաններում և փակ միջավայրերում, ախտանիշների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել մասնագիտական խորհրդատվության։