Չինաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Թայվանի ափերի մոտ

Չինաստանը «Just Mission 2025» լայնածավալ զորավարժություններ է սկսել մարտական ​​կրակոցներով Թայվանի ափերի և  դրա օդային տարածքի մոտ: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական ​​հրամանատարության խոսնակ Շի Յին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա լուրջ նախազգուշացում է «Թայվանի անկախության» անջատողական ուժերի և Թայվանի գործերին միջամտող արտաքին ուժերի համար, այն օրինական ու անհրաժեշտ միջոց է՝ Չինաստանի ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը պաշտպանելու համար»,- ասվում է չինական բանակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունները կենտրոնանում են «ծովում և օդում պարեկային խմբերի պատրաստման, ինտեգրված վերահսկողության հաստատման, հիմնական նավահանգիստների և տարածքների շրջափակման և բազմաչափ զսպման իրականացման վրա»։

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սրանք Չինաստանի առաջին խոշոր զորավարժություններն են Թայվանի ափերի մոտ ապրիլից ի վեր։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հաստատել էր Թայվանին 11,1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը: Թայվանի կառավարությունը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ վաճառքը ներառում է HIMARS բազմակի հրթիռային համակարգեր, Javelin հակատանկային հրթիռներ, Altius անօդաչու թռչող սարքեր, հաուբիցներ և այլ սարքավորումների բաղադրիչներ: Սա զենքի ռեկորդային խմբաքանակ է, որը Միացյալ Նահանգները ծրագրում է մատակարարել:

Զենքի վաճառքի մասին հայտարարությունը հնչում է Չինաստանի կողմից Թայվանի վրա ռազմական և դիվանագիտական ​​ճնշման աճի ֆոնին, որը Պեկինը համարում է անջատողական նահանգ։ Չինաստանը սպառնում է ուժ կիրառել։

Պեկինը քննադատել է Թայվանին նախատեսված զենքի վաճառքը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ քայլը կխախտի Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված դիվանագիտական ​​համաձայնությունը, լրջորեն կխաթարի Չինաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կխաթարի տարածաշրջանային կայունությունը։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բազմիցս խոսել է Թայվանի «վերամիավորման» մասին մայրցամաքային Չինաստանի հետ և որպես վերջնաժամկետ սահմանել 2027 թվականը՝ կղզու նկատմամբ ինքնիշխանություն հաստատելու համար։ Իսկ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը կավարտվի 2029 թվականի սկզբին։

Վաշինգտոնը չի ճանաչում Թայվանի անկախությունը և դիվանագիտական ​​հարաբերություններ չունի։ ԱՄՆ-ը զենք է վաճառում կղզուն 1979 թվականին ընդունված «Թայվանի հետ հարաբերությունների մասին» օրենքի համաձայն։ Այս օրենքը նախատեսում է զենքի վաճառք ինքնապաշտպանության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment