Հանրապետությունում 2025 թվականին բավականին փոփոխական եղանակ ու ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8.1 աստիճան, որը նորմայից բարձր է գրեթե 1 աստիճանով: Տեղումների քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 422 մմ, որը կազմում է նորմայի 81%-ը:
«2025 թվականին տաք են եղել հատկապես մարտ և նոյեմբեր ամիսները, երբ ամսական միջին ջերմաստիճաններն իրենց նորմայից բարձր են եղել համապատասխանաբար 2.9 և 3.1 աստիճանով։ 2025 թվականի մարտը 6-րդ տաք մարտն էր՝ սկսած 1935 թվականից դիտարկումների տվյալների համաձայն։ Առանձին օրերին դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ, մասնավորապես մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31.3 աստիճանի՝ գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձր արժեքներ դիտվեցին օգոստոսի 2-ին և օգոստոսի 5-ին՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում գրանցվեցին համապատասխանաբար 41․9 և 41․5 աստիճան և գերազանցեցին տվյալ օրերի երբևէ դիտված առավելագույն ջերմաստիճանները։ Ավելին, Արենիում այդ օրերին գրանցվեց 42.6 աստիճան։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում է դիտվել նաև հոկտեմբերի 7-9-ն ընկած ժամանակահատվածում, երբ օդի միջին ջերմաստիճանները հանրապետության առանձին շրջաններում բարձր էին 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանները հասան 30-32 աստիճան, իսկ Մեղրիում 34․5 աստիճան, որոնք նույնպես աննախադեպ էին»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Նոյեմբերը Հայաստանի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ 2-րդ ամենատաքն էր՝ սկսած 1935 թվականից։ Ամսվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է նոյեմբերի 9-ին Կապանում՝ 27 աստիճան, նոյեմբերի 23-ին առավելագույն ջերմաստիճանը հասել է 25.8 -ի։
«Ցանկանում եմ առանձնացնել երկու վտանգավոր երևույթ, որոնք դիտվեցին 2025 թվականին: Առաջինը Արտաշատում մայիսի 5-ին երեք ժամ 10 րոպեի ընթացքում թափվեցին մեկ ու կես անգամ նորմայից ավել տեղումներ և զգալի վնաս հասցրեցին տնտեսությանը։ Մյուս վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթը, երբ հունիսի 15-ին ուժեղ քամի, պտտահողմ դիտվեց Ապարանում, որի ընթացքում քամու ուժգնությունը հասավ մինչև 39 մ/վ, նույնպես զգալի վնաս հասցրեց տնտեսությանը։,-ասաց Լևոն Ազիզյանը: