29 դեկտեմբերի 2025 – 10:17 AMT
PanARMENIAN.Net – Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ձգտում խզել կապերը Ռուսաստանի հետ, և այդ մասին ասվում է միջազգային գործընկերներին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին Հայաստանից «դուրս բերելու», քաղաքական, տնտեսական կապերը խզելու օրակարգ չունի։ Նման օրակարգ չկա, նման քաղաքականություն չի տարվում։ Դա ուղղակիորեն ասվում է միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի», – հայտարարել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 25–ի ճեպազրույցում տարակուսանք է հայտնել Հայաստանում այսպես կոչված «ռուսական ազդեցության գործակալների» որոնման կապակցությամբ: Նրա խոսքով՝ Մոսկվայում հետևում են ՀՀ պատկան մարմինների գործողություններին, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած քաղաքական գործչի դիտարկում են որպես «ազդեցության գործակալ»։
«Ովքե՞ր են նրանք՝ ովքեր կողմ են երկկողմ հարաբերությունների զարգացմա՞նը։ Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Նա մշտապես խոսում է մեր երկրի հանդեպ բարեկամական վերաբերմունքից», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։