Ում հետ ուր է գնում Փաշինյանը. ինչո՞ւ էին հենց այդ երգի տակ պարում

Պետությանն ու ժողովրդին մեծ պարտություններ, մարդկային անդառնալի կորուստներ, տարածքային զիջումներ պատճառած, ասետալի սխալներ գործած ՔՊ առաջնորդը դեկտեմբերի 28-ին թիմակիցների հետ պարում էր Տիգրան Ժամկոչյանի՝ «Ու որ գնաս, հետդ կգամ» երգի հնչյունների ներքո։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։

Հանրության շրջանում տարածվում են վարկածներ, թե ինչո՞ւ հենց այս երգի ռիթմի տակ են պարում ՔՊ-ականներն ու նրանց ղեկավարը, ո՞ւմ հետ ո՞ւր են գնում Փաշինյանն ու թիմակիցները։

Առաջին վարկածով ենթադրվում է, որ երգի ընտրությունը պատահական չէ։ Այսպես ՔՊ-ականները ուզում են ցույց տալ, որ իրենց առաջնորդ Փաշինյանն ուր գնա, իրենք նրա հետ կգնան։ Այսինքն՝ այսպես նրանք, կարծես՝ անվերապահ հավատարմություն են ցուցադրում։ Օրինակ՝ երբ Փաշինյանը գնում է պատարագի, ապա նրա հետ եկեղեցի են գնում նույնիսկ այն ՔՊ-ականները, որոնք աթեիստ են կամ կյանքում երբեք պատարագի չեն մասնակցել։ Երբ Փաշինյանը ֆորպոստի առաջնորդ էր ու վառ ռուսամետ կուրս էր վարում, ապա նրա թիմակիցները, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը բարձր խոսում էին հայ-ռուսական խորը համագործակցության մասին։ Երբ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օենք էր ընդունվում, նույն ՔՊ-ականները միաձայն կողմ քվարկեցին։ Այսպես նրանք ցույց են տալիս, որ կապ չունի, թե ուր է գնում Նիկոլ Փաշինյանը, ուր էլ գնա՝ ՔՊ-ականները նրա հետ կգնան՝ առանց մտածելու։

Իսկ ո՞ւր է գնում Փաշինյանը։ Թերևս այս հարցը չի հետաքրքրում ՔՊ-ականներին, սակայն հանրությանը հուզում է այն։

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում ռուսական հատուկ ծառայությունները ՀՀ-ում ֆորպոստի վարչապետ կարգեցին Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խոստովանել է, որ 2018-2022-ը ֆորպոստի վարչապետ էր։ Եվ նա սպասարկում էր ռուսական հետաքրքրությունները բոլոր մակարդակներում։ Այս ապազգային քաղաքականությամբ են պայմանավորված պետությանն ու ժողովրդին պատճառված աղետալի կորուստներն ու խայտառակ պարտությունները։ Ներկայումս ռուսամետ կուրսն էապես չի փոխվել։ ՀՀ-ն դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից։ Սակայն զուգահեռաբար՝ ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք։

Արտաքուստ պարզ չէ, թե ում հետ ուր է գնում Փաշինյանը։ Եթե հիմք ընդունենք այն, որ նրան իշխանության են բերել ռուսները, որ սպասարկի ռուսական շահերն, ապա կարելի է ասել, որ նա գնում է Մոսկվա ու Պուտինի հետ է։ Պուտինն ինչ էլ անի՝ Փաշինյանը նրա հետ է։ Այս ենթադրությանը նպաստում են նաև այն, որ ի հեճուկս ԵՄ գործընկերների հորդորների՝ ՔՊ առաջնորդը Մայիսի 9-ին գնաց Մոսկվա, մասնակցեց պառադի։ Նա ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացնում, սակայն ՇՀԿ-ին անդամակցելու հայտ ներկայացրեց։ Տարեվերջում ևս գնաց Սանկտ Պետերբուրգ ու Պուտինի և ՀՀ-ի դեմ գործած պետությունների ղեկավարների հետ մասնակցեց ոչ պաշտոնական, նախատոնական միջոցառումների։

Այսպիսով՝ թերևս նախորդ տարիներին Փաշինյանը հայտարարել էր, թե սկսում է անկախության պաշտպանության շարժում, իբր՝ դիվերսիֆիկացնում է քաղաքական կուրսը, սակայն կա ողջամիտ կասկած, որ Փաշինյանը երկիրը տանում է նույն աղետալի ռուսամետ ճանապարհով։

Պարզ ասած՝ «ուր որ գնաս՝ հետդ կգամ» ասելով, Փաշինյանը, հավանաբար, նկատի ուներ Մոսկվային, կարծես՝ այս երգի տակ պարելով՝ բաց ուղերձ է հղում, որ դուրս չի գալու 2018-ի իշխանափոխության պայմանավորվածությունների ծիրից։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment