Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում. Պապոյան

Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հարցերին է պատասխանել։ Նախարարը հայտնել է, որ առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում։

«Այս պահի դրությամբ բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են։ Ինչպես սովորական պրակտիկան է եղել, իրենք հայտարարել են, մենք հաստատել ենք։ Հերթական անգամ, կարծում եմ, վրացական, ադրբեջանական կողմը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, դուք էլ մեզ հարցում կանեք, մենք էլ կհաստատենք»,-նշեց նա։

Հարցին՝ Հայաստանն ի՞նչ կարող է արտահանել Ադրբեջան, Պապոյանը նշեց՝  ապրանքների ցանկ կա։

«Ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆեռոմոլիբդեն, կենդանիներ, միրգ-բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանքներ, այսինքն՝ ցանկ կա, հետազոտություն կա, աշխատանք կա, որը ցույց է տալիս, որ այդ ապրանքները մենք արտահանում ենք և Ադրբեջանը ներմուծում է և հիմա այդ քննարկումների մեջ ենք»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ 3 տասնամյակից ավելի ընդմիջումից հետո վերականգնվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները։ Նոյեմբերի 6-ին Հայաստան է ժամանել ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ մոտ 1000 տոննա։ Դրան հաջորդել է ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա, որը Հայաստան է հասել նոյեմբերի 8-ին։ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով Հայաստան ուղարկել ևս 132 վագոն ցորեն։

Իսկ դեկտեմբերին հայկական երկու ընկերություն Ադրբեջանից բենզին գնեցին։ SOCAR AI-95 տեսակի բենզինի առաջին խմբաքանակը ՝ 22 վագոնի Հայաստան հասավ Վրաստանի տարածքով։ Սա երկու երկրների միջև տասնամյակների ընթացքում կնքված առաջին ուղղակի առևտրային գործարքն էր։ Գնել թե չգնել էժան ադրբեջանական բենզինը․ վերջին օրերին հանրության շրջանում թեժ քննարկումներ էին։

Leave a Comment