Հայաստանի և Արցախի վրա 44-օրյա պատերազմից և հետագա ադրբեջանական հարձակումներից հետո հազարավոր ընտանիքներ կորցրեցին սիրելիներին, իրենց ապրուստի միջոցները և բառացիորեն ամեն ինչ: Շատերն սկսում են իրենց կյանքը զրոյից: Նոր տարին և տոները կարող են հիանալի հնարավորություն լինել նվեր գնելու արցախցի գործարարներից և աջակցելու նրանց աշխատանքին:
Armenia Today-ի խմբագրական թիմը կազմել է արցախցի արտադրողների տեղական ապրանքանիշերի ընտրանի:
Ի՞նչ Նոր տարվա սեղան առանց չիրերի: Sunny Artsakh-ում կարող եք գտնել ընտանիքի և հյուրերի համար սիրված քաղցրավենիքներ, որոնք պատրաստել է արցախցի հոգատար Աղաջանյան ընտանիքը: Դեղձը, ծիրանը, տանձը, սալորաչիրը, խնձորի չիպսերը, թթու լավաշը և նույնիսկ չորացրած մանդարինի կեղևը կարող են հաճելի լրացում լինել ձեր նվերին:
Ո՞վ կգնահատի այս նվերն ամենաշատը. նրանք, ովքեր հետևում են առողջ ապրելակերպին և առողջ սննդակարգին, բուսակերները և վեգանները:
Գաղտնիք չէ, որ Նոր տարվա տոների ժամանակ հայ տնային տնտեսուհիները չեն կարող առանց փախլավայի, գաթայի, կամ միկադոյի, նապոլեոնի և մեղրով տորթերի տարբեր տեսակների։ Սակայն, եթե ժամանակ չունեք խոհարարական գիրքը ձեռքին խոհանոցում պատրաստելու, կարող եք պատվիրել համեղ խմորեղեն Land of Sweets Artsakh -ից կամ գնել տնական հալվա։
Ո՞վ կգնահատի այս նվերն ամենաշատը՝ նրանք, ովքեր շատ քաղցրակեր են և տնական թխվածքների սիրահարները։
Եթե ցանկանում եք ուրախացնել ձեր սիրելիներին իսկապես օրիգինալ ստեղծագործությամբ, այցելեք «Մի կտոր երջանկություն» հրուշակեղենի խանութը, որը բացել է Արցախից տեղահանված Ալվինա Գաբրիելյանը 2024 թվականի օգոստոսին։ Այստեղ կարող եք համտեսել տորթեր և թարմ խմորեղեն, ինչպես նաև բարձրորակ բելգիական շոկոլադից պատրաստված շոկոլադ։ Քաղցրավենիքը միշտ հիանալի և համեղ Նոր տարվա նվեր է, որը հարմար է ինչպես տոնական սեղանի համար, այնպես էլ որպես սիրելիների նկատմամբ սիրո նշան։
Ո՞վ կգնահատի այս նվերն ամենաշատը՝ բարձրորակ, ֆիրմային հրուշակեղենի գիտակները, ձեռագործ շոկոլադի սիրահարները և նրանք, ովքեր հոգնել են անհամ, գործարանային քաղցրավենիքից։
Եթե ցանկանում եք ձեր Ամանորի սեղանին ավելացնել իսկական արցախյան համ կամ պատրաստել պատմություն պարունակող սննդարար նվեր, դիտարկեք Դոնարայի ժենգյալով հացի տարբերակը: Ավելի քան 30 տարի Դոնարան հացաբուլկեղենի խանութ ուներ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում՝ իր ժենգյալով հացը ճանաչելի դարձնելով նաև արցախից այն կողմ:
Այսօր, երբ նա ապրում է Երևանում, իր ընտանիքի և արցախցի այլ տեղահանված կանանց հետ միասին, շարունակում է թխել ժենգյալով հացը, արցախյան հաց և ավանդական խմորեղեն՝ օգտագործելով նույն բաղադրատոմսերը և որակի նկատմամբ նույն ուշադրությունը: Այս քաղցրավենիքները կդառնան ոչ միայն համեղ, այլև խորհրդանշական Նոր տարվա նվեր:
Ո՞վ կգնահատի այս նվերն ամենաշատը՝ ավանդական խոհանոցի սիրահարները, իսկական համերը գնահատողները և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իր Ամանորի սեղանը զարդարել իսկական արցախյան ճաշատեսակով:
Նոր տարին ընտանեկան տոն է, և գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի երեխա: Այս տարի աղմկոտ պլաստիկ խաղալիքների փոխարեն կարող եք երեխաներին նվիրել «Խաղա Արցախ»-ի նորաձև փայտե խաղալիքներ: Դրանք ունեն նաև հանելուկներ, որոնք կգրավեն ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Ո՞վ կգնահատի այս նվերն ամենաշատը՝ երեխաները և նրանց ծնողները, ովքեր հոգնել են պլաստիկ խաղալիքներից, ինչպես նաև ծնողները, ովքեր հոգ են տանում էկոլոգիայի մասին։
Նոր տարուց մի քանի օր անց, երբ բոլոր տորթերը կերված կլինեն, և ձեր սիրելի քաղցրավենիքը ձանձրալի կդառնա, վերցրեք ձեռագործ, ֆիրմային շոկոլադե սալիկ կամ վառ գույների կոնֆետներ՝ հետաքրիր ձևերով և միջուկներով՝ Camellia-ի կողմից։ Շոկոլադը և կոնֆետները կարող են իսկապես օրիգինալ նվերներ լինել, երբ դրանք ներառում են օրիգինալ բաղադրատոմսեր և դիզայն։
Ո՞վ կգնահատի այս նվերն ամենաշատը՝ նրանք, ովքեր սիրում են քաղցրավենիք, ովքեր գնահատում են ոչ միայն համեղ, այլև գունագեղ քաղցրավենիքները։
Մոմերը սերտորեն կապված են հարմարավետության և խաղաղության հետ, ինչը տեղին է ոչ միայն ցուրտ եղանակին կամ տոներին։ Այսօր սուրճի սեղանների վրա ավելի ու ավելի հաճախ կարելի է գտնել մոմակալներ, որոնք ծառայում են որպես դեկորատիվ տարրեր։ Նորաձև և օրիգինալ մոմեր ընտրելիս արժե ուշադրություն դարձնել Mom Candles-ին։ Նրանք առաջարկում են դիզայներական մոմերի շարք՝ հիշարժան դիզայնով, որոնք կարող են լինել ինչպես ոճային լրացում հիմնական նվերի համար, այնպես էլ ինքնուրույն նվեր։
Ո՞վ կգնահատի այս նվերն ամենաշատը՝ նրանք, ովքեր գնահատում են հարմարավետությունը և հուշանվերները, որոնք ոչ միայն օրիգինալ են, այլև գործնական։
