Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։
Ըստ Ռյուտեի, Թրամփը «լիովին կենտրոնացած է այս պատերազմը ավարտելու վրա»։
«Նա ուզում է ավարտել պատերազմը Ուկրաինայում։ Նա միակն է, ով կարողացավ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ, և միակն է, ով, ի վերջո, կկարողանա ստիպել նրան խաղաղություն կնքել»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Այն մտավախությանը, թե ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք կարող է դադարեցնել Ուկրաինայի աջակցությունը, որը արդեն չորրորդ տարին պաշտպանում է իրեն Ռուսաստանի զինված ագրեսիայից, Մարկ Ռյուտեն համակարծիք չէ։ Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ն կպահպանի իր նվիրվածությունը ՆԱՏՕ-ին, այնպես որ եվրոպացիները Ռուսաստանի հարձակման դեպքում ստիպված չեն լինի միայնակ դիմակայել Մոսկվային։
Ռյուտեն հիշեցրել է, որ մի շարք եվրոպական երկրներ համաձայնություն են հայտնել Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու վերաբերյալ և նշել է, որ այժմ Կիևի դաշնակիցները քննարկում են «ցանկացողների կոալիցիայի» կոնկրետ հայեցակարգը՝ այն, թե ինչպիսին կլինի զորքերի տեղակայումը, նրանց գործողությունները ցամաքում, ծովում և օդում։