Բայրամով․ ԵՄ–ն 20 մլն եվրո կհատկացնի ՀՀ–ին, կարևոր է, որ նույնքան տրամադրվի Ադրբեջանին

Բայրամով․ ԵՄ–ն 20 մլն եվրո կհատկացնի ՀՀ–ին, կարևոր է, որ նույնքան տրամադրվի Ադրբեջանին

27 դեկտեմբերի 2025 – 12:22 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ԵՄ–ն պատրաստ է ՀՀ–ին հատկացնել 20 միլիոն եվրո, և կարևոր է, որ նույնքան տրամադրվի Ադրբեջանին, գրում է APA-ն։

Նա հավելել է, որ ավելի վաղ հարց էր առաջացել, կապված Եվրոպական խաղաղության հիմնադրամի հետ, երբ Հայաստանին որոշվեց հատկացնել 10 միլիոն դոլար։

«Եղան երկրներ, որոնք հայտարարեցին, որ եթե որոշ երկրներին աջակցություն է ցուցաբերվում, ապա այն պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին։ Այդպիսի սկզբունքային դիրքորոշում էր հայտնել Հունգարիան։ Ադրբեջանին նույնպես հատկացվեց 10 միլիոն եվրո, բայց ոչ Եվրոպական խաղաղության հիմնադրամի հաշվին, այլ այլ աղբյուրներից։ Այդ միջոցները ուղղվեցին ականազերծման աշխատանքներին։

Մեր տվյալներով՝ ԵՄ–ն պատրաստվում է Հայաստանին հատկացնել 20 միլիոն եվրո, և կարևոր է, որ նույնքան հատկացվի և Ադրբեջանին։ Այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։ Մեր գործընկերները Հունգարիայից աջակցում են մեզ այդ հարցում և հետագայում էլ աջակցելու են»,–ասել է Բայրամովը։

Հայաստանը 2024 թվականի հուլիսին ստացել էր 10 միլիոն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու նպատակով։ 2025 թվականի մարտին Հայաստանը ներկայացրել էր երկրորդ հայտը՝ հիմնադրամից նոր աջակցություն ստանալու նպատակով։ Հունգարիան արգելափակել էր այդ որոշումը։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն այն ժամանակ հաստատել էր արգելափակման փաստը՝ նշելով, թե իրենք դեմ չեն Հայաստանի աջակցությանը, սակայն հավասար չափով աջակցություն, ըստ նրանց, պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին։

Leave a Comment