Երկու հեռուստաընկերություն պատրաստակամություն է հայտնել եթերաժամ տալ «Շողակաթին»

«5-րդ ալիք» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները պատրաստակամություն են հայտնել եթերաժամ տրամադրել «Շողակաթ» հեռուստաընկերությանը, որի հեռարձակումը կառավարության որոշմամբ՝ կասեցվել էր դեկտեմբերի 25-ին։

««5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»,- գրել է «5-րդ ալիք»-ի ղեկավար Հարություն Հարությունյանը։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյանն իր հերթին նշել է, որ կարող է հունվարի 1-ից եթերաժամ տալ լրատվականին։

«Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1-ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթի» իր գործընկերներին»,- նշել է նա։

Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տվել Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրած «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը («Շողակաթ» հեռուստաընկերություն-խմբ.) լուծարելու նախագծին։

Մինչդեռ հասարակական կազմակերպությունները, ընդդիմությունը հեռուստաընկերության առնչվող օրինագիծը պայմանավորել էին Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ իշխանությունների գործողություններով։

Կարդացեք նաև՝ 

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Իրավիճակային մոտեցում է»․ 7 կազմակերպություն դեմ է «Շողակաթին» հանրային հեռարձակողներից հանելու նախագծին

Leave a Comment