Քաղաքապետարան. «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսվող միջոցները փուլ առ փուլ կավելացվեն

Քաղաքապետարան. «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսվող միջոցները փուլ առ փուլ կավելացվեն

26 դեկտեմբերի 2025 – 13:52 AMT

PanARMENIAN.NetԵրևանի քաղաքապետարանը, արձագանքելով մամուլում և սոցիալական ցանցերում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շուրջ քննարկումներին, հայտարարել է, որ կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել, և որ հետագայում փուլ առ փուլ միջոցները կավելացվեն։

«Ի պատասխան մամուլում տարածված կեղծ տեղեկատվության, տեղեկացնում ենք.

2025թ. պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9,640,000.0 հազ. դրամ, որից 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի համար «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին վճարվել է 765,100.0 հազար դրամ:

Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025թ. հունիսի 9-ին:

Քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:

Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը:

Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2,000,000.0 դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար: Հետագայում փուլ առ փուլ այս միջոցները կավելացվեն»,–ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարության մեկնարկի համար պետբյուջեից հատկացված 9.6 մլրդ դրամից օգտագործվել է միայն մի մասը, իսկ մնացած 1.6 միլիարդը այս տարի վերաբաշխվել է՝ ուղղվելով Երևանին 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը։ Ավինյանն ընդգծել էր, որ այս նախագիծը համարվում է անկախ Հայաստանի ամենաբարդ ինժեներական նախաձեռնություններից, որի նախնական փորձաքննությունը միայն տևել է մեկ տարի, և գործնականում անհնար է եղել ամբողջ գումարը ծախսել ընթացիկ տարում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի շուրջ ստեղծված վիճակին, նշել է, որ «այս իշխանությունը չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել»։

«Մետրոյի «Աջափնյակ» կայանը էլի փոզմիշ եղավ։ Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունը (նախկինն էլ) չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել»,–գրել է նա։

Leave a Comment