2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը, որը կդառնա մանկական սքրինինգային ծրագրերի 8-րդը, հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Ծրագրի նպատակն է նորածինների մոտ վաղ փուլում հայտնաբերել տեսողության այն խանգարումները, որոնք սկզբնական շրջանում կարող են չունենալ կլինիկական դրսևորումներ, սակայն ուշ ախտորոշման դեպքում հանգեցնել անդառնալի կուրության։
Սքրինինգի միջոցով հնարավոր կլինի վաղ հայտնաբերել մասնավորապես բնածին կատարակտան, բնածին գլաուկոման, ռետինոբլաստոման, ինչպես նաև տեսողական օրգանի ծանր անոմալիաները։ Նշվում է, որ վաղ ախտորոշումն ու ժամանակին միջամտությունը թույլ կտան կանխել տեսողության կորուստը և ապահովել երեխայի բնականոն տեսողական զարգացումը։
Ծրագրի մեկնարկից առաջ իրականացվել են նորածնային ակնային սքրինինգի վերապատրաստման դասընթացներ՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Դասընթացներին մասնակցել է շուրջ 100 նեոնատոլոգ և բուժքույր՝ Հայաստանի տարբեր ծննդատներից և նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներից։
