Անհասկանալի են չափանիշները, որոնցով ՀՀ մարմինները Ռուսաստանի ազդեցության գործակալների են ի հայտ բերում. Զախարովա

Քաղաքականություն

25.12.2025 | 20:34

«Ի՞նչ չափանիշներով են ի հայտ բերում նրանց [Ռուսաստանի ազդեցության գործակալներին]: Նրանք են, ովքեր պաշտպանում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Վարչապետ Փաշինյանն ինքն է ասում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգանան»,- ամենշաբաթյա ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հարցը, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների ու հոգևորականների մեղադրում են Ռուսաստանի և ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ։

«Անհասկանալի են չափանիշները, որոնցով Հայաստանի պատկան մարմինները Ռուսաստանի ազդեցության գործակալների են ի հայտ բերում։ Կցանկանայինք հասկանալ՝ ում մասին է խոսքը և ինչ չափանիշներ են։ Եթե այդ տարբերակով ընդդիմության հետ են հաշվեհարդար տեսնում Ռուսաստանի անունով, այնքան էլ լավ չէ»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ դա ոչ դեմոկրատական է, և հասկանալի չէ՝ դրա հետ ինչ կապ ունի Ռուսաստանը, քանի չկա որևէ ապացույց։

«Հուսով ենք՝ Հայաստանի հասարակությունը թույլ չի տա նման երևույթին զարգանալ։ Անընդունելի է քաղաքական նպատակներով հավատի, կրոնի հարցերի օգտագործումը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment