Ադրբեջանը կարող է Հայաստանից կոնյակ և ծխախոտ գնել 

Քաղաքականություն

25.12.2025 | 18:11

Ադրբեջան հայկական արտահանման ներուժը գնահատելիս նախևառաջ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի այլ երկրներ արտահանման ընդհանուր կազմը։ Այս մասին ասել է ադրբեջանցի տնտեսագետ Խալիդ Քերիմլին՝ ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրը կարող է սկսվել մոտ ապագայում։

«Հայկական արտահանման մեծ մասը՝ մոտավորապես 60-65%-ը, բաղկացած է թանկարժեք քարերից և մետաղներից, այդ թվում՝ ոսկուց, արծաթից և այլն։ Եթե մենք սա գնենք, ի՞նչ անենք։ Բնականաբար, մեզ դա առանձնապես պետք չէ»,- կարծում է տնտեսագետը։

Քերիմլին նշել է, որ Հայաստանը նաև մատակարարում է էլեկտրաէներգիա, մեքենաշինության արտադրանք, երկաթի հանքաքար և նմանատիպ ապրանքներ: Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանն այս ամենի կարիքը չունի:

«Ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային խմիչքները և գյուղատնտեսական արտադրանքը կարող են բավարարել մեր կարիքները: Նրանք ունեն ալկոհոլային խմիչքների լայն տեսականի։ Օրինակ՝ նրանց կոնյակը համաշխարհային ճանաչում ունի։ Ամենակարևորը՝ ցանկացած պոտենցիալ մատակարարում պետք է գնահատվի տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից։ Բայց սա ապագայի հարց է. գները և այլ հարցեր որոշիչ նշանակություն կունենան»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment