Լևոն Մնացականյանն ադրբեջանական դատարանում հրաժարվել է նախաքննական ցուցմունքից

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Ադրբեջանի դատարանում հերքել է իր նախաքննական ցուցմունքը՝ հանդես գալով ամփոփիչ խոսքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Թե ինչ էր ասվել նախաքննական ցուցմունքում, չի հաղորդվում:

Այդ աղբյուրների փոխանցմամբ՝ Մնացականյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, դատարանին խնդրել է որոշում կայացնել միայն դատարանում տված ցուցմունքների հիման վրա:

Նա դատարանին ներկայացրել է երեք օր շարունակված իր ելույթի 51 էջանոց տեքստը, խնդրել այն կցել դատական նիստի արձանագրություններին:

Եզրափակիչ խոսքի իրավունքը հաջորդիվ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանինն է:

Նախորդ ​​նիստում Մնացականյանը հերքել էր հայկական կողմից վարձկանների՝ ռազմական գործողություններին մասնակցելու մեղադրանքը, ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող հոդվածները, ինչպես նաև Ադրբեջանի դատախազության պնդումը, որ ներգրավված էր 2020 թվականի պատերազմական գործողություն պլանավորելու մեջ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։ Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։

Leave a Comment