Իրավապահները հայտնաբերել և առգրավել են հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 80,000 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր, ինչպես նաև հանցանքի գործիք հանդիսացող տեխնիկա. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Քննչական կոմիտեն բացահայտել է կիբեռհանցագործություններով զբաղվող խոշոր հանցավոր կազմակերպություն, որի գործունեության առթիվ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկություններ են կատարվել կազմակերպության «զանգերի կենտրոնում» և անդամներից մեկի բնակարանում։
Իրավապահները հայտնաբերել և առգրավել են հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 80,000 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր, ինչպես նաև հանցանքի գործիք հանդիսացող տեխնիկա՝ համակարգիչներ և բջջային հեռախոսներ, որոնց տեսախցիկները միտումնավոր փակված են եղել։ Հայտնաբերվել են նաև զոհերի անձնական տվյալներ, անձնագրերի լուսանկարներ, զանգերի հատուկ սցենարներ և նամակագրություններ։
Գործով ձեռք բերված փաստացի տվյալների թվում են հափշտակությունների չափերի վերաբերյալ թվային հաշվետվություններ, անդամների դերաբաշխման աղյուսակներ և հարյուրավոր կրիպտոդրամապանակների հասանելիության տվյալներ։
Նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր խմբի բոլոր անդամներին և ղեկավարներին ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։