«Տանը մենակ» ֆիլմը հայերեն ձայնավորած Տաթեւ Ղազարյանի՝ խենթություններով լի 2025-ը


Տարին աննկատ մոտենում է ավարտին, ու BRAVO.am-ը պետք է հասցնի իր ամփոփումներն ավարտել: Այս անգամ դրանում մեզ օգնել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը:

– Որո՞նք եք համարում 2025 թվականի ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը:

– Ամենամեծ ու կարեւոր ձեռքբերումներից մեկը Համազգային թատրոնի նոր շենքն է, ինչին շատ երկար էինք սպասել: 2026-ին իմ սիրելի թատրոնն արդեն նոր շենքում կստեղծագործի նոր շնչով։ Կորուստներ, փառք Աստծո, չեմ ունեցել:

– Ի՞նչ եք Ձեզ հետ տանում մյուս տարի: 

– Ինձ հետ նոր՝ 2026 թվական տանում եմ սեր, հավատ եւ հույս, որ ամեն բան էլ ավելի լավ է լինելու:




– Ո՞րն էր տարվա ամենաուժեղ մշակութային ազդեցությունը:

– 2025-ին շատ ենք շրջագայել, մասնակցել հեղինակավոր փառատոների, ու ստացել եմ նաեւ մրցանակ «Փառատոնի լավագույն դերասանական դուետ» անվանակարգում: Փառատոների շրջանակներում շատ ներկայացումներ ենք դիտել, որոնցից մի քանիսը շատ տպավորիչ էին: Տարին հագեցած էր:

– 2025-ին դիտած լավագույն ներկայացումը:

– Շատ ներկայացումներ եմ դիտել, բայց կառանձնացնեմ «Մհեր Մկրտչյան» թատրոնում Տաթեւիկ Մելքոնյանի բեմադրությամբ «Եթե դու մեռնեիր»-ը։




– Նոր տարվան նվիրված Ձեր սիրելի ֆիլմը:

– Արդեն երկար տարիներ իմ ֆավորիտը մնում է «Տանը մենակ» ֆիլմը, որը նաեւ ձայնավորել եմ հայերեն։ Այդ ֆիլմի տոնական տրամադրությունն ինձ ուրիշ ոչ մի ֆիլմ չի փոխանցում:

– Տոնական ուտելիքը։ 

– Շատ եմ սիրում մորս պատրաստած պասուց տոլման:

– Մինչեւ 2026-ը ի՞նչ եք ուզում հասցնել անել:  

– Ուզում եմ ժամանակ գտնել եւ հարազատներիս համար նվերներ գնել (ծիծաղում է,-հեղ.):




– 2025-ը Ձեզ համար մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք:  

– Արդյունավետ տարի էր՝ լի խենթություններով եւ ուրախություններով։ Փառք Աստծո, անկորուստ ու խաղաղ էր:

– Տոնի ամենակախարդական պահը Ձեզ համար:

– Երբ Ամանորի գիշերը ձյուն է գալիս ու մաքրում անցած տարին:

– Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապից:  

– Իհարկե, խաղաղություն կխնդրեմ։ Շատ եմ ուզում, որ խաղաղ երկնքի տակ ապրենք: Նաեւ կխնդրեմ առողջություն ու հաջողություն հարազատներիս, նաեւ ինձ համար։ Թող նոր՝ 2026 թվականը լինի լի Աստծո բարիքներով եւ օրհնություններով:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Տաթեւ Ղազարյանի անձնական արխիվից






Leave a Comment