Ոչ բոլոր քաղաքացիները 2026–ին անկանխիկ առևտրի դեպքում 2% հետվճար կստանան. պետություն պայման է դրել


Տնտեսություն


Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում հաստատեց «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը։



Այն ենթադրում է, որ քաղաքացիներն անկանխիկ առևտուր անելու դեպքում 2 տոկոս հետվճար կարող են ստանալ։ Պետք է նկատի ունենալ, սակայն, որ սա վերաբերվում է միայն ԱՐՔԱ համակարգում ներառված քարտերին։ Սա նշանակում է, որ քաղաքացիների մի ստվար մասը հետվճար ստանալու հնարավորությունից զրկված կլինի։


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս հետվճար տրամադրելու միջոցառումը առաջարկում է քաղաքացիներին անկանխիկ գործառնություններից ստանալ հետվերադարձ:


Ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թվականի փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թվականի հունվար ամիսը՝ ներառյալ, նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով:


Նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ:


Leave a Comment