24 դեկտեմբերի 2025 – 19:04 AMT
PanARMENIAN.Net – ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի խորհրդի նիստում, որի ընթացքում գնահատվել է ծրագրի առաջընթացը, քննարկվել են իրականացման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերները և համաձայնեցվել են ծրագրի սահուն ավարտն ապահովող հետագա քայլեր, տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքում ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն արձանագրված չափելի արդյունքները։
«Այս պահի դրությամբ ծրագիրը գրանցել է շոշափելի և չափելի արդյունքներ 316 շենքի էներգաարդյունավետ ադիականացման միջոցով՝ ապահովելով CO₂ արտանետումների տարեկան կրճատում մոտ 63,000 տոննայի չափով։ Ծրագրից օգտվել է ավելի քան 400,000 մարդ, որոնց կեսից ավելին կանայք և աղջիկներ են։
Շենքերին բաժին է ընկնում Հայաստանում էներգիայի վերջնական սպառման մոտ 35%-ը, և դրանց էներգետիկ բնութագրերի բարելավման արդյունքում ապահովվում են նաև բնապահպանական օգուտները, քանի որ կլիմայի փոփոխության համամոլորակային ճգնաժամի հասցեագրմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն կարևոր նշանակություն ունի։
Ծրագրի հաջող ավարտը մեծապես կախված է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի միջև արդյունավետ և ժամանակին համագործակցությունից»,- նշել է նախարարը։
«Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է ուժեղ և շարունակական գործընկերություններԱյս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի Կառավարության միջև սերտ համագործակցությունը կլիմայական պարտավորությունները վերածում է մարդկանց առօրյա կյանքում իրական բարելավումների։ Երբ մենք մտնում ենք եզրափակիչ փուլ, թափը պահպանելը վճռորոշ կլինի երկարաժամկետ ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար»,— ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Նա ընդգծել է նաև ուժեղ ազգային սեփականատիրության և հաստատությունների միջև համակարգման կարևորությունը՝ նշելով, որ մինչ այս գրանցված առաջընթացը արտացոլել է արդյունավետ համագործակցություն թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում։
Խորհուրդը քննարկել է նաև արդյունքների կայունացման և ծրագրի ավարտից հետո շարունակականության ապահովման հարցերը՝ հատուկ շեշտադրելով միջգերատեսչական համագործակցության դերը։