Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը չի կարելի անվանել ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, Armenia Today-ի հարցազրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն՝ ամփոփելով 2025 թվականը։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանը գտնվում է «ոչ պատերազմական» վիճակում, իսկ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը դեռևս իրականություն չէ։ Չնայած դրան, փորձագետը կարծում է, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները սահմանին էսկալացիան քիչ հավանական է։
«Ես խաղաղություն չէի անվանի ներկա իրավիճակը։ Ավելին, եթե նույնիսկ պատկերացնեի, որ ինչ-որ թուղթ կստորագրվեր, միևնույն է, խաղաղություն չէի անվանի», – նշել է Իսկանդարյանը։
Միևնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ 2022-2023 թվականների համեմատ ռիսկերի մակարդակը նկատելիորեն նվազել է։ Նրա խոսքով՝ համեմատաբար ավելի մեծ անվտանգության զգացում կա, քան նախկինում էր, էսկալացիայի ռիսկերն ավելի քիչ են, և վաղուց «լուրջ կրակոցներ չկան»։
Նրա խոսքով՝ չնայած Բաքվի կոշտ հռետորաբանությանը, դրանում երբեմն այլ ինտոնացիաներ են ի հայտ գալիս, որոնք նախկինում չեն եղել: Սակայն ներկայիս իրավիճակի կայունությունը նրա մոտ կասկածներ է առաջացնում։
«Շատ դժվար է ասել, թե որքանով է կայուն այս իրավիճակը: Դժվար է ասել, քանի որ դա կախված է բազմաթիվ պարամետրերից, և այդ նույն պարամետրերը տարածաշրջանից դուրս են, դրանք մեզանից կախված չեն», – ընդգծել է փորձագետը՝ մատնանշելով, մասնավորապես, Ուկրաինայում պատերազմը։
Մեկնաբանելով տարածված կարծիքը, թե Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը միայն իմիտացիա է, Իսկանդարյանը չի համաձայնել նման գնահատականի հետ:
«Իմիտացիա կա բանակցություններում, փաստաթղթերի պատրաստման մեջ։ Մինչդեռ չունենք իրավիճակ, երբ կողմերը ձևացնում են, թե ոչ թե կրակում են, բայց իրականում կրակում են։ Սա իսկապես ոչ պատերազմական իրավիճակ է», – հայտարարել է նա։
Առևտուրը ոչ թե խաղաղության ճանապարհ, այլ ազդանշան
Պատասխանելով առևտրային մատակարարումների, այդ թվում՝ ադրբեջանական բենզինի և ղազախական ցորենի տարանցման մասին հարցին՝ Իսկանդարյանը նշել է, որ դա չի համարում խաղաղության քայլեր:
«Ես չեմ կարծում, որ գործընթացը գնում է դեպի խաղաղություն։ Իրավիճակն ինչ-որ չափով հեռացել է պատերազմից, բայց խաղաղությունն ու սա տարբեր բաներ են», – ասել է նա՝ հավելելով, որ նման շփումները կարող են տասնամյակներ շարունակ գոյություն ունենալ առանց խաղաղ կարգավորման։
Նրա կարծիքով՝ նման մատակարարումները հիմնականում խորհրդանշական բնույթ են կրում։ Փորձագետի համոզմամբ՝ դա մասամբ փիառ է, մասամբ՝ ցուցադրություն։ Նա ընդգծել է, որ երրորդ երկրների, մասնավորապես Վրաստանի միջոցով առևտուրը նախկինում էլ կար։
TRIPP․ հին նախագիծ՝ նոր հովանավորությամբ
Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ դրանում սկզբունքային նորություն չկա։
«Անունը նոր է, իսկ նախագիծը՝ հին։ Այն ամրագրվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթում»,- հիշեցրել է նա՝ նախաձեռնությունը կապելով Հայաստանի հարավով նախատեսվող երկար քննարկված երթուղու հետ։
Փորձագետը նշել է, որ նախագծի փոխանցումը ամերիկյան հովանու ներքո արտացոլում է ավելի լայն աշխարհաքաղաքական տեղաշարժ։ Նրա խոսքով՝ Հայաստանի հեռացումը Ռուսաստանից բավական կտրուկ է․ սա այլևս պարզապես «դրեյֆ» չէ, այլ արդեն շարժում, ինչը վկայում է նաև տարածաշրջանում ազդեցությունների հավասարակշռության փոփոխության մասին։ Միևնույն ժամանակ նա կասկածում է, որ նախագծի իրականացումը հեշտ գործընթաց է լինելու։
«Այդ նախագծի իրականացման համար բանակցությունները ոչ թե Ամերիկայի, այլ Ադրբեջանի հետ պետք է վարել: Այս պահի դրությամբ այնտեղ գործնականում ոչինչ չի արվել․ առկա են բազմաթիվ խոչընդոտներ՝ տեխնիկական, քաղաքական և այլ բնույթի։ Դա չի նշանակում, որ այդ խոչընդոտները հնարավոր չէ հաղթահարել», – ընդգծել է Իսկանդարյանը։
Նկարագրելով իրավիճակը Սյունիքում՝ նա մատնանշել է տարբեր դերակատարների շահերի բարդ դասավարության մասին՝ Իրանից և Ռուսաստանից մինչև ԵՄ, Թուրքիա և ԱՄՆ։
Ազդեցության գոտիների տեղաշարժը և Ռուսաստանի դերի թուլացումը
Իսկանդարյանի գնահատմամբ՝ տարածաշրջանում ազդեցության գոտիների վերափոխումն սկսվել է 2025 թվականից շատ առաջ և արագացել 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից հետո:
Նա հայտարարել է, որ 2023 թվականին Արցախի հայկական տարածքների՝ ադրբեջանական վերահսկողության ամբողջական անցումից հետո ստիպված ենք անվտանգություն փնտրել «ինչ-որ այլ տեղ»՝ նշելով, որ Ռուսաստանի նկատմամբ նախկին սպասումները չեն արդարացել։
Փորձագետը կարծում է, որ այսպես կոչված «միջուկային հովանոցը» միշտ էլ շատ առումներով պատրանք է եղել։ Ընդ որում, նա նշել է, որ ֆորմալ առումով Հայաստանը մնում է ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ, սակայն գործնականում շատ մեխանիզմներ կորցրել են գործառնական հնարավորությունները։
ԵՄ․ ոչ թե «ադամանդներով պատված երկինք», այլ իրական հնարավորություններ
Գնահատելով Եվրամիության ակտիվությունը Հայաստանի նկատմամբ՝ Իսկանդարյանը կոչ է արել չգերագնահատել, բայց նաև չթերագնահատել դրա նշանակությունը:
«Պետք չէ կարծել, թե ԵՄ-ն կապահովի «ադամանդներով երկինք» ու հավերժ երջանկություն, սակայն որոշակի, շոշափելի օգուտներ հնարավոր է ստանալ», – նշել է նա։
Նրա խոսքով՝ հարցը վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ներդրումներին, առանց վիզայի ռեժիմին անցնելու հնարավոր քայլերին, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելությանը, որը, քաղաքագետի գնահատմամբ, նպաստել է սահմանին լարվածության հարաբերական նվազմանը։
Կանխատեսումներ 2026 թվականի համար․ ընթացիկ միտումների շարունակություն
Խոսելով 2026 թվականի հեռանկարների մասին՝ Իսկանդարյանը նշել է, որ հիմնական իրադարձությունները տեղի կունենան տարածաշրջանից դուրս՝ առաջին հերթին Ուկրաինայի շուրջ ընթացող պատերազմի շուրջ։
«Ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի կունենան Դնեպրի ափերից ոչ շատ հեռու», – ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, փորձագետը չի ակնկալում կտրուկ էսկալացիա մինչև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
«Մինչև ԱԺ ընտրությունները ես պատճառներ չեմ տեսնում, որ Ադրբեջանը իրավիճակը զարգացնի վտանգավոր ուղղությամբ», – ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ընտրություններից հետո ճնշումը կարող է ուժեղանալ։
Միաժամանակ նա քիչ հավանական է համարում թե՛ լայնամասշտաբ պատերազմը, թե՛ լիարժեք խաղաղությունը։
«Խաղաղություն, բարեկամություն, սահմանների բացում, ճանապարհների կառուցում․ ինձ թվում է, որ սա ընդհանրապես անհավանական է», – նշել է Իսկանդարյանը։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ամենահավանական սցենարը մնում է ընթացիկ միտումների շարունակությունը։
«Ես հիմա առկա միտումները կարտապատկերեի հաջորդ տարվա վրա»,- եզրափակել է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
