Թուրքիայում հայտնաբերվել է Լիբիայի ԳՇ պետին տեղափոխող օդանավի սև արկղը

Թուրքական իշխանությունները գտել են Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին և նրա չորս օգնականներին տեղափոխող կործանված օդանավի խցիկի ձայնագրիչն ու սև արկղը, գրում է Turkish Minute-ը։

Falcon 50 օդանավը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից թռիչքից մի քանի րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել է խափանման պատճառով, սակայն կապը կորել է, հայտնել են թուրք պաշտոնյաները։ Ինքնաթիռը վերադառնում էր Տրիպոլի։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան վթարի վայրում լրագրողներին հայտնել է, որ օդանավի ձայնային ձայնագրիչը և թռիչքի տվյալների ձայնագրիչը (սև արկղը) հայտնաբերվել են, այդ սարքերի ուսումնասիրության և գնահատման գործընթաց է սկսվել։

Գեներալ-լեյտենանտ Մոհամմեդ ալ-Հադդադը և նրա չորս օգնականները վերադառնում էին Տրիպոլի՝ Անկարայում թուրք զինվորական պաշտոնյաների հետ բանակցություններից հետո: Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, ութ մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։

Հադդադը բանակի գլխավոր շտաբի պետն էր 2020 թվականի օգոստոսից և նշանակվել էր այն ժամանակվա վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի կողմից։

Լիբիան բաժանված է Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության՝ վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբայի գլխավորությամբ, և արևելքում հրամանատար Խալիֆա Հաֆթարի վարչակազմի միջև։ Հյուսիսաֆրիկյան երկիրը բաժանվել է ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ապստամբությունից հետո, որը 2011 թվականին տապալեց պետության երկարամյա առաջնորդ Մուամմար Քադաֆիին։

Թուրքիան սերտ կապեր ունի Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից աջակցվող կառավարության հետ, որին այն տնտեսական և ռազմական աջակցություն է ցուցաբերում, երկու կողմերի միջև հաճախակի այցելություններ են տեղի ունենում։ Սակայն Անկարան վերջերս նաև կապ է հաստատել արևելքում գտնվող մրցակից վարչակազմի հետ, իսկ Թուրքիայի հետախուզական գործակալության ղեկավար Իբրահիմ Քալընը օգոստոսին հանդիպել է Հաֆթարի հետ Բենգազիում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment