ԿԸՀ նախագահ․ Դիտորդական առաքելությունն իրավունք չունի քարոզչությամբ զբաղվել

ԿԸՀ նախագահ․ Դիտորդական առաքելությունն իրավունք չունի քարոզչությամբ զբաղվել

24 դեկտեմբերի 2025 – 15:07 AMT

PanARMENIAN.Net – Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով «Անկախ դիտորդ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած դիմումներին, ասել է, որ ընտրություններում դիտորդական առաքելություններն իրավունք չունեն քաղաքական դիրքորոշում հայտնել։

Դանիել Իոաննիսյանը ներկայացրած դիմումներով պահանջել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում անցկացված ընտրություններում որպես տեղական դիտորդներ գրանցված «Պառլամենտարիզմի միջազգային կենտրոն», «ՀայաՔվե» և «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» դիտորդական առաքելությունների գրանցումներն ուժը կորցրած ճանաչել, գրում է Sputnik Արմենիան։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ նոյեմբերի 15-ին ԿԸՀ-ում անցկացվել է մոտ 10 ժամ տևած նիստ։

«Կարևոր էր բաց զրույց ունենալը, որ դիտորդական առաքելությունները քաղաքական գործունեությամբ չզբաղվեն։ Եթե որևէ հասարակական կազմակերպություն մտադիր է քաղաքական գործունեությամբ զբաղվել, ինչն իր իրավունքն է, ապա չպետք է գրանցվի որպես դիտորդական առաքելություն։ Նիստին մենք ձեռք բերեցինք այդ պայմանավորվածությունը. ավելին՝ խնդրի հասցեատեր դիտորդական առաքելությունն ընդունեց, որ այդ մտահոգություններն անհիմն չեն»,– ասել է Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանել է՝ դիտորդական կազմակերպություններն իրավունք չունեն քաղաքական դիրքորոշում հայտնել, իսկ 23-րդ հոդվածն ամբողջությամբ արգելել է դիտորդական կազմակերպություններին զբաղվել նախընտրական քարոզչությամբ։

Հովակիմյանի խոսքով՝ արդեն քվեարկության օրը՝ ընտրատեղամասերում, ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանվել է, և դիտորդական կազմակերպությունները խուսափել են քաղաքական քարոզչություն իրականացնելուց։

Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցած ութ քաղաքական ուժերից անցողիկ շեմն ապահովել են միայն երեքը։ Այդպիսով ավագանու 33 մանդատներն բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 մանդատ, իսկ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 69,866 քաղաքացիներից 31,547-ը, ինչը կազմել է 45.12 տոկոս։

Leave a Comment