Հովակիմյանն՝ ընտրությունների մասին․ Այդ օրը հունիսի 7–ն է

Հովակիմյանն՝ ընտրությունների մասին․ Այդ օրը հունիսի 7–ն է

24 դեկտեմբերի 2025 – 15:52 AMT

PanARMENIAN.Net – ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները, Սահմանադրության կարգավորումների համաձայն, պետք է անցկացվեն հունիսի 2-12-ի միջակայքում, իսկ հստակ օրը նշանակելու է Հանրապետության նախագահը։

«Գիտեք, նախագահի հրամանագիրը դեռ չկա, բայց բոլորը ընտրությունների հստակ օրն արձանագրած այսպես ասած ընթանում են առաջ, այդ օրն է հունիսի 7-ն է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Եթե նախագահը ոչ աշխատանքային օր նշանակի, այսպես ասած շղթայական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, այս ընտրություններում կիրառվելու են մոնիտորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ՝ ընտրություններին մասնակցող կողմերի ֆինանսավորման գործընթացն առավել պատշաճ և ժամանակակից մեխանիզմներով վերահսկելու նպատակով։

«ԿԸՀ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառելու, որոնք մեզ հնարավորություն կտան համացանցում տեղի ունեցող քարոզչությունն ավելի փաստարկված ու հնարավորինս ընդգրկուն մոնիտորինգի ենթարկել»,-ասել է Հովակիմյանը։

Նա լրագրողների հետ ընթացող հանդիպման ընթացքում հայտնել է, որ 2027 թվականից մեկնարկելու է ԿԸՀ վարչական շենքի կապիտալ նորոգման գործընթացը՝ անդրադառնալով մամուլի սրահում փակցված էկրանից եկող դզզոցին։

Նրա խոսքով, էկրանը մոտ ապագայում փոխել չեն կարող, բայց հիմնանորոգման ծախսերը նախատեսված են 2027-2028 թվականների բյուջեում։

«Հուսով եմ, որ այդ ժամանակ ավելի ժամանակակից տեխնիկայով վերազինված կլինի մամուլի սրահը»,-նշել է նա։

2026 թվականի աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու 46 համայնքում։ Այդ մասին ասուլիսում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ ՏԻՄ ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի վերջին կիրակին, հոկտեմբերի վերջին կիրակին և նոյեմբերի վերջին կիրակին։

Leave a Comment