Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին, ով կասկածվում է կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լիազորությունների չարաշահման մեջ, տեղափոխել են քննչական մեկուսարան այն բանից հետո, երբ Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը նրան կալանավորելու օրդեր է տվել: Այս մասին հայտնում է DW գործակալությունը։
Օրդերը պահանջվել է, քանի որ Ֆիշերը բազմիցս բաց է թողել դատական նիստերը։ Դատարանի կողմից նշանակված փորձագետները պարզել են, որ նախկին պատգամավորը կարող էր մասնակցել իր բաց թողած առնվազն երկու նիստի: Արդյունքում քաղաքի հիվանդանոցներից մեկում նրան ձերբակալել են։ Ֆիշերի փաստաբանները բողոք են ներկայացրել։
Դեկտեմբերի 22-ին կայացած դատական նիստի ժամանակ նախկին պատգամավորը հայտարարել էր իր անմեղության մասին։ Հաջորդ նիստը նշանակված է հունվարի սկզբին։ Մինչ այդ նա, ամենայն հավանականությամբ, կմնա Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարանում։ Միևնույն ժամանակ, հունվարին կլրանա առանցքային մեղադրանքներից մեկի վաղեմության ժամկետը, սակայն իրավապահները վստահ են, որ դատարանը կհասցնի որոշում կայացնել, հավելել է պարբերականը:
Աքսել Ֆիշերը Բունդեսթագի պատգամավոր է եղել Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ) 1998-ից մինչև 2021 թվականը, իսկ 2010 -ից՝ նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ: Նրա հասցեին մեղադրանքներն ի հայտ եկան այն բանից հետո, երբ 2018 թվականին պարզվեց, որ ԵԽԽՎ մի շարք անդամներ Բաքվից կաշառք են ստացել Եվրոպայում ադրբեջանական իշխանությունների շահերի լոբբինգի համար։
Դատախազությունը կարծում է, որ 2011 թվականին Ֆիշերն իր ծառայություններն է առաջարկել Ադրբեջանի ներկայացուցչին։ Հետագայում նախկին պատգամավորը փողի դիմաց «գործել է Ադրբեջանի շահերից ելնելով»։ Նման գործողություններին, մասնավորապես, վերաբերել են «դրական ելույթները», «գաղտնի փաստաթղթերի օպերատիվ փոխանցումը» և «քվեարկությունն» այնպես, ինչպես դա պետք է Բաքվին։
2011-2014 թվականներին Ֆիշերը, հետաքննության տվյալներով, իր ծառայությունների դիմաց ստացել է 58 հազար եվրո, 2015-2016 թվականներին՝ ևս 26 300 եվրո:
