Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին. ինչպես են դրանք բաշխվելու


Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը:


 


Շուրջ 1000 երեխա, որոնք ունեն արյան գլյուկոզի մակարդակն անընդհատ վերահսկելու կարիք, այսուհետ ունեն հնարավորություն, առանց մատը ծակելու, սենսորային նորագույն սարքի միջոցով շուրջօրյա վերահսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը:


 


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում ներկա են գտնվել սարքերը երեխաներին տրամադրման, այսպիսով` նաև պետական կարևորագույն ծրագրի փաստացի մեկնարկին:


 


«Ծրագիրը կարևոր քայլ է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության ապահովման ուղղությամբ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն առանցքային նշանակություն ունեն դիաբետի կառավարման համար, ինչն էապես բարելավում է բուժման արդյունքն ու բարձրացնում պացիենտների, նրանց ընտանիքների կյանքի որակը»,- նշել է նախարարը:


 


 


Ծրագրի մեկնարկի, սարքերի ձեռքբերման համար Կառավարությունն այս տարի 800 մլն դրամ է հատկացրել:


 


Նորագույն համակարգերը հնարավորություն են տալիս տվյալների հեռահար դիտում ինչպես ծնողների, այնպես էլ բժիշկների կողմից, ինչպես նաև ավտոմատ ազդանշանային զգուշացում է տալիս սահմանային վիճակների դեպքում. սա ապահովում է դիաբետի շարունակական և անվտանգ վերահսկումը:


 


Նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, թե սարքերը ինչպես են բաշխվելու:


 


 


«Երեխաների դիաբետի սենսորների տրամադրման այսօրվա միջոցառման հետ կապված մի քանի գրառում կար որոնց հարկ եմ համարում անդրադառնալ.


 


1. Սիրելի ծնողներ առաջիկայում ես սիրով կհրավիրեմ բոլորիդ հանդիպման և միասին ևս կնշենք այս կարևոր ձեռքբերումը: 


2. Սենսորները հասնելու են բոլոր երեխաներին և հերթով տեղադրվելու են, բոլորին կկանչեն: 


3.  Ձեռք են բերվել  վերջին սերնդի լավագույն սարքերը և իրականցվելու են նաև դասընթացներ 


4. Կառավարությունը ավելի քան 800 մլն դրամ է հատկացրել այս ծրագրի համար և այն կարևորագույն ներդրում է մեր երեխաների առողջության մեջ»,- գրել է նախարարը:


 

Leave a Comment