23 դեկտեմբերի 2025 – 18:27 AMT
PanARMENIAN.Net – «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժին՝ նրան կալանավայր տեղափոխելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
«Այս պահին Սիսական ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր, թե որտեղ, հայտնի չի»,–գրել է նա։
2024–ի դեկտեմբերի 26-ի դատավճռով Աշոտ Մինասյանն մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքի մեջ և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով նրա՝ մինչ այդ կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, դատարանը սահմանել է 1 տարի 10 ամիս վերջնական պատիժ՝ առանց պայմանականության կիրառման։ Միաժամանակ, Մինասյանի նկատմամբ սահմանվել է 1 տարվա փորձաշրջան, գրում է «Փաստինֆոն»։
Պաշտպանական կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և արդարացնել Մինասյանին։ Մեղադրող կողմն իր հերթին պահանջել է ավելացնել պատժի չափը՝ սահմանելով 2 տարի 6 ամսվա ազատազրկում։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Դանիելյանի ու Հարություն Պետրոսյանի կազմով, սեպտեմբերի 1-ին հրապարակել է որոշման եզրափակիչ հատվածը։ Դատարանը որոշել է մասնակիորեն բեկանել առաջին ատյանի վճիռը՝ վերացնելով պայմանական ազատման մասին դրույթը և նշանակելով փաստացի ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։
Դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ, քանի որ վճռաբեկ բողոքները մերժվել են՝ թողնվելով առանց քննության։