Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել Ադրբեջանում բանտարկված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին:
Կլինիկայի տնօրենի տեղակալի խոսքերով՝ 70-ամյա Խաչատրյանը, դեկտեմբերի 23-ին՝ գիշերվա 00:30-ի սահմաններում կլինիկայի վերակենդանացման բաժին է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ աորտալ ստենոզի ծանր աստիճան, միտրաք ստենոզի և քրոնիկական սրտային անբավարարության դեկոմպենսացիայի ֆոնին զարգացած թոքերի այտուցի ու ծանր շնչառական անբավարարության ախտորոշմամբ։
Փոխտնօրենը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում իրականացված բուժական միջոցառումների, այդ թվում՝ դեղորայքային թերապիայի, հեղուկների հաշվեկշռի կարգավորման և թոքերի արհեստական շնչառության աջակցության արդյունքում Խաչատրյանի դրական դինամիկա է նկատվել։
«Ներկայումս հիվանդը համարվում է կյանքի համար կրիտիկական վտանգի փուլից դուրս եկած, սակայն վիճակը դեռևս գնահատվում է ծանր: Նրա բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ինտենսիվ հսկողության ներքո», – նշել է նա: