Իսրայելական անվտանգային մարմինները մտահոգված են, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին հանրային հռետորաբանության և մեդիա արտահոսքերի աճը կարող է հանգեցնել իրավիճակի սխալ ընկալման և չնախատեսված էսկալացիայի: Այս մասին գրում է իսրայելական Ynet կայքը:
Քանի որ Իրանի հետախուզական հնարավորություններն Իսրայելի ներսում սահմանափակվել են, Թեհրանը հիմնականում հենվում է իսրայելական մեդիա դաշտի վրա՝ հակառակորդի մտադրությունները գնահատելու համար: Եթե Իրանը մեդիա հրապարակումների հիման վրա եզրակացնի, որ Իսրայելը պատրաստվում է հարձակման, կարող է դիմել կանխարգելիչ հարվածի:
Անհրաժեշտ է նշել, որ լարվածության աճը համընկնում է Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման, ինչպես նաև Գազայում հրադադարի շուրջ փակուղային վիճակի հետ:
Իսրայելական անվտանգության պաշտոնյաները նախազգուշացնում են, որ հանրային շահարկումները և ոչ պաշտոնական ճեպազրույցները կարող են ավելի ապակայունացնող լինել, քան բուն ռազմական ազդակները՝ ստեղծելով պատերազմի վտանգ այնպիսի պահի, երբ կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում: