Վերջերս ռուս-ուկրաինական պատերազմին որպես վարձկաններ մասնակցելու համար ավելի ու ավելի հաճախ են հավաքագրվում ադրբեջանցիներ:
Այս մասին Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է պատգամավոր Զահիդ Օրուջը։
«Վերջին տարիներին լրատվամիջոցներում մտահոգիչ հաղորդագրություններ են շրջանառվում ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերում մարտական գործողություններին մասնակցած տասնյակ ադրբեջանցիների մահվան կամ անհետացման մասին։ Աճում է նաև վարձկան գործողությունների համար Ադրբեջանի քաղաքացիների հավաքագրման դեպքերի թիվը», – նշել է պատգամավորը։
Զահիդ Օրուջի խոսքով՝ հետախուզական կենտրոնների հետ հստակ կապեր ունեցող սոցիալական ցանցերի էջերը «պայմանագրային ծառայության», «աշխատատեղերի» կամ «ուսուցման» անվան տակ թիրախային գովազդի միջոցով հավաքագրման արշավներ են անցկացնում. «Պաշտոնական վիճակագրության բացակայության պատճառով, ռազմական կազմակերպությունների տվյալներով, մեր հարյուրավոր հայրենակիցներ և քաղաքացիներ կռվում են խրամատներում»,-նշել է նա:
Զահիդ Օրուջը շեշտեց, որ նրանք, ովքեր խրախուսում են Ադրբեջանի մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին, հարված են հասցնում պետությանը: