Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Համերգը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգային ծրագրում Չեքիջյանի ղեկավարմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»։

Ավելի քան վեց տասնամյակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ որպես Հայաստանի մշակութային դեսպան, մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է հայ երգն ու երաժշտությունը:

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 873 համերգ, ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում՝ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ, հանդես է եկել 70 անվանի սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, այդ թվում՝ ԽՍՀՄ Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսաստանի Մեծ թատրոնի և այլ նվագախմբերի հետ՝ թողարկելով նաև բազմաթիվ սկավառակներ: Մաեստրոն հեղինակել է «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Leave a Comment