Ադրբեջանում շարունակվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի պետական առաջմղումը, որով Բաքվում նկատի ունեն ժամանակակից Հայաստանի տարածքը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության վարչության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ անհրաժեշտ է այդ հայեցակարգն ակտիվորեն ներդնել երկրի համալսարանական միջավայրում։
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» գաղափարի տարածումն ուսանողության շրջանում «սկզբունքային նշանակություն» ունի և պետք է իրականացվի համակարգված կերպով։
Ալեքբերլին նշել է, որ բուհերում նման աշխատանքի իրականացումը, իր գնահատմամբ, «քայլ առ քայլ մոտեցնում է հայրենի հող վերադարձին»։ Նա նաև հայտնել է, որ Բաքվի պետական համալսարանում անցկացված «Մեծ ճանապարհի շարունակությունը» խորագրով համաժողովի շրջանակում կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված ցուցահանդես։ Ըստ ԶԼՄ-ների՝ ցուցադրությունում ներկայացվել են պատմամշակութային նյութեր, որոնք արտացոլում են տարածաշրջանի ժառանգության ադրբեջանական մեկնաբանությունը։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործումը ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հունվարին այս մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հունիսին Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը նշանակում է Բաքվի տարածքային նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Բաքվից վերջին տարիներին բազմիցս հայտարարել են Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։ Նոյեմբերի 3-ին Ալիևը հայտարարել էր, որ հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելուց։
Կարդացեք նաև՝
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռ փակել «արևմտյան Ադրբեջանի» և Արցախ վերադարձի հարցը
