22 դեկտեմբերի 2025 – 15:51 AMT
PanARMENIAN.Net – Ավարտվել է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով:
Հանցավոր կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննության արդյունքում բացահայտվել է, որ 2024-ի նոյեմբերին վերը նշված անձինք հիմնադրել և մինչև 2025-ի հուլիսի 1-ը ղեկավարել են միջազգային հանցախումբ, որի շրջանակում՝ օրենքի խախտումները քողարկելու, հարկերից խուսափելու և հանցագործ ճանապարհով ստացված միջոցների աղբյուրը թաքցնելու համար, տարբեր անուններով, այդ թվում՝ այլ անձանց անուններով, բազմաթիվ ընկերություններ են գրանցել իրավասու մարմնում՝ կազմակերպության անդամներին ներգրավելով այդ սխեմաներում։
Հանցախմբի ղեկավարությունն իր նպատակների համար ստեղծել է հստակ դասակարգված կառույց՝ հստակեցնելով մասնագիտական դերերը, ներմուծելով վարքային կանոններ ու սահմանափակումներ, վերահսկելով դրանց պահպանումը։ Նրանք մշակել են հանցանքների կատարման համար մանրամասն մտածված և հստակ գործողություններ նախատեսող մեխանիզմներ՝ վերահսկելով քայլերի հերթականությունը։
Կազմակերպության անդամները հանդես են եկել տարբեր կեղծ անուններով՝ ներկայացնելով իրենց իբր իրավաբաններ, միջազգային կազմակերպությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչներ, ֆինանսական պատասխանատուներ։ Այս կերպ՝ վարձակալված տարածքներից իրագործել են նախապես մտածված համակարգչային հափշտակությունները։
Քննության արդյունքում մեկ անձի դեմ հարուցվել է քրեական հետապնդում ՔՕ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը), իսկ մյուս անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով։