22 դեկտեմբերի 2025 – 13:50 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել են, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների համար կնքված պայմանագիրը խզվել է։
Նախատեսվում է իրականացնել նախագծի լրամշակում և 2026թ առաջին եռամսյակի վերջում կազմակերպել շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթաց՝ նպատակ ունենալով շինաշխատանքներն իրականացնել ամառային արձակուրդների ընթացքում, հայտնում է Aravot.am-ը։
Նշվել է նաև, որ ավարտին են հասցվել հրատապ կարգով իրականացված մի շարք շինարարական աշխատանքներ։ Դրանց թվում են Տիգրանյանի և Տերտերյանի անվան երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև Էրեբունի թանգարանի տանիքների վերանորոգման աշխատանքները, Մետրոպոլիտենի գործարանային կայարանի տարածքում եզրաքարերի և հիմնապատի վերանորոգումը։
Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ այդ շրջանում սպասարկվել են 28 կամրջային ենթակառուցվածքներ։ Երբ ներկայացվել են այդ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ լուսանկարները, Ավինյանը հարցրել է. «Սկզբի նկարները խնդիրներն էին, չէ՞»:
Ստանալով դրական պատասխան՝ քաղաքապետը արձագանքել է ծիծաղով. «Մի պահ անհանգստացա»։