Եթե վաղը քվորում չապահովենք, «կարմիր գծերի» թանկացումը 2026-ին չի գործի․ ավագանու անդամ

Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան՝ դեկտեմբերի 23-ի նիստում ներառված են 2025-ին թանկացումների վերաբերյալ ընդունված այն նախագծերը, որոնք ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները մտադիր են ընդունել նաև 2026-ի համար, Armenia Today-ին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Ստեփանյանը նշել է, որ ի թիվս մի շարք որոշումների, 2 խմբակցության օրակարգում է նաև ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղիների՝ «կարմիր գծերի» հարցը․ քաղաքային իշխանությունները թանկացրել էին 2024-ին ու նույն սակագները ցանկանում են նաև 2026-ին կիրառել, թեպետ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է համարել թանկացումը։

««Ա» գոտում՝ Երևանի փոքր կենտրոնում, կայանելու արժեքն այդ որոշումից հետո կազմում է տարեկան 160 հազար դրամ՝ նախկին 12-ի փոխարեն։ Թեպետ դատարանն այդ որոշումն իրավաչափ է համարել, վաղը նորից դեմ են գնալու դատարանին և երևանցիներին՝ ընդունելով 160 հազար դրամն ուժի մեջ մնալու նախագիծը»,- նշել է ավագանու անդամը։

Նա հավելել է, որ տրանսպորտի՝ 150 դրամ թանկացումը նույնպես ներառված է օրակարգում։

«Նորից պետք է ընդունեն, որ 2026-ի համար էլ 150 դրամ մնա։ Բացի այդ, աղբահանությունն անձով էր՝ դարձրեցին քառակուսի մետրով, դա էլ նորից պետք է ընդունեն։ Նաև տարբեր տուրքեր էին թանկացրել, իսկ գույքահարկը 100 տոկոսով միանգամից թանկանում է հունվարի 1-ից, այդ հարցերը նույնպես ներառված են»,- ընդգծել է նա։

Ստեփանյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցություները պետք է բոյկոտեն վաղվա նիստում ներառված թանկացումների նախագծերի քվեարկությունները։

«Եթե իրական ընդդիմադիրները քվորում չապահովեն, պարզապես նիստերի ներկա չլինեն, նույն «կարմիր գծերի» վճարը 2026-ի համար կմնա 12 հազար։ Վաղը շատ լավ պահ է, որ բոլոր ընդդիմադիրները համախմբվեն ու այդ որոշմանը կողմ չքվեարկեն, քվորում չապահովեն, որ որոշումը չընդունվի։ Եթե դատարանի որոշումը չեն ընդունում, այլ տարբերակ չկա, պետք է բոյկոտենք, որ 2026-ի համար այդ որոշումը չգործի»,- հավելել է ավագանու անդամը։

Միևնույն ժամանակ՝ նա շեշտել է, որ ավագանու ընդդիմադիր անդամների դիրքորոշումը պարզ կլինի վաղը՝ ժամը 9։30-ին։

«Մինչև ավագանու նիստն սկսելը՝ ժամը 10։00-ն, բոլորի հետ կխոսենք, կտեսնենք, թե ովքե՞ր են դեմ գնալու և ովքե՞ր են թելելու ՔՊ-ի ու «Հանրապետության» թելն ու նորից ծածկադմփոց անեն»,- եզրափակել է Ստեփանյանը։

Կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական հայցը ներկայացրել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը։ Դատարանը բավարարել էր «Մայր Հայաստանի»՝ «կարմիր գծերի» թանկացումը չեղյալ հայտարարելու պահանջը, սակայն քաղաքապետարանը բողոքարկել էր դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը, սակայն,  մերժել էր բողոքը։

Երևանում կայանման նոր սակագներն ուժի մեջ էին մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ «Ա» գոտում՝ Երևանի փոքր կենտրոնում, կայանելու արժեքը կազմում է տարեկան 160 հազար դրամ, «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող մյուս բոլոր փողոցները)՝ տարեկան 24 հազար դրամ:

Աննա Բադալյան

Leave a Comment