Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ Երևանում ձյուն չկա, առաջիկա օրերին չի էլ սպասվում, եկել եմ Գեղամա լեռներ՝ մի փոքր ձմեռը վայելելու, բայց ձեզ ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզնից դեպի հյուսիս-արևմուտք տեսնում ենք Հատիսը, Արայի լեռը, Գութանասարը, Ծաղկունյաց լեռները, Արագածը, շքեղ Արագածը, քառագագաթ, տեսնո՞ւմ եք՝ ինչ գեղեցիկ է»։
Սուրենյանը նաև նշեց, որ ցերեկվա տևողությունը վաղվանից ավելանալու է․ «Այսօր ձմեռային արևադարձն է և վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը հյուսիսային կիսագնդում ավելանալու է 2-3 րոպեով»,- ասել է նա։