ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ նավթատար տանկերն է առգրավել – Armenia Today

ԱՄՆ Ծովային պահպանության զինծառայողները Պենտագոնի աջակցությամբ Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ նավթատար տանկերն են առգրավել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին։

Նրա խոսքով՝ տանկերն ավելի վաղ դուրս են եկել Վենեսուելայի նավահանգստից։ Նոեմը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել հակազդել պատժամիջոցների տակ գտնվող նավթի ապօրինի փոխադրմանը, որը, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվում է նարկոտեռորիզմի ֆինանսավորման համար։

Գործակալությունը՝ հղում անելով The New York Times-ին, գրել է, որ տանկերը նավարկել է Պանամայի դրոշի տակ, իսկ բեռը պատկանել է Չինաստանից նավթային թրեյդերի, որը Վենեսուելայից վառելիք է մատակարարում չինական նավթավերամշակման գործարաններին։ Պարբերականը ճշգրտել է, որ նավը չի ընդգրկվել ԱՄՆ ֆինանսների նախարարության «սև ցուցակում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր սահմանել «լիարժեք և ամբողջական» շրջափակում բոլոր այն նավթատար տանկերների նկատմամբ, որոնք մտնում են Վենեսուելայի նավահանգիստներ կամ դուրս են գալիս դրանցից և գտնվում են պատժամիջոցների տակ։

Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ նաև կանգնեցրել է նավթատար տանկեր, որը տեղափոխում էր շուրջ 2 մլն բարել վենեսուելական նավթ։ Միաժամանակ Վաշինգտոնը հայտարարել էր իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում մեծացնելու մասին։

Leave a Comment