Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նամակ է հղել «Իզմիրլյան» ԲԿ-ից և հայտնել, որ հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու է:
«Աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար»,- գրել է նա:
Միքայել սրբազանը նաև աջակցություն է հայտնել Ամենյան Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ «Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»»,- նշել է Շիրակի թեմի առաջնորդը:
Միքայել արքեպիսկոպոսը դեկտեմբերի 16-ին տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Սրբազանն ինքն էր նախընտրել այս բժշկական կենտրոնը:
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
