ՀՀ-ում ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորել է Ամանորի կապակցությամբ

Քաղաքականություն

20.12.2025 | 12:21

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։

«Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել անել գալիք տարում»,-նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կարևոր քայլ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։

Դեսպանը նաև հիշեցրել է, որ ՀՀ-ում ՄԲ-ի դեսպանությունում բացվել է պաշտպանության բաժինը։«Այս տարվա ընթացքում մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, գործարարության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։ Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- ասել է Ալեքսանդրա Քոուլը։

Դեսպանի բնորոշմամբ՝ 2026 թվականը լինելու է շատ ակտիվ, և Մեծ Բրիտանիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։

«Մաղթում եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,- եզրափակել է դեսպանը։

Leave a Comment