Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով, ազդարարելով աստղագիտական ձմռան սկզբի մասին, որը կձգվի մինչ գարնանային գիշերհավասար (մոտական՝ 2026 թվականի մարտի 20-ին), տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա բացատրել է, որ այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր, և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը: Մասնավորապես, Երևանում արևածագը կդիտվի 08:20-ին, արևամուտը՝ 17:39-ին, ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե:
«Դրանից հետո Արեգակն ամեն օր ավելի ու ավելի բարձր հետագծով կհատի երկինքը, որի շնորհիվ ցերեկվա տևողությունն աստիճանաբար կսկսի երկարել՝ մինչև տարեվերջ Երևանում ավելանալով 3 րոպեով»,- մանրամասնել է Ազիզյանը:
