Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել

Ադրբեջանական կառավարամերձ АnewZ անգլալեզու հեռուստաալիքը վավերագրական քարոզչական ֆիլմ է պատրաստել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին։ Հեռուստաալիքի ներկայացուցիչները մամուլի ասուլիս են անցկացրել՝ նվիրված Ռուբեն Վարդանյանի, իբր, ֆինանսական խարդախությունների և քաղաքական գործունեության մասին պատմող The Oligarch’s Design վավերագրական ֆիլմի մասին։

Նշվում է, որ ֆիլմի հիմնական բաժիններից մեկը նվիրված է Ռուբեն Վարդանյանի կողմից 2022 թվականին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն, տարածաշրջան տեղափոխվելուն և Ղարաբաղում քաղաքական ասպարեզ մուտք գործելուն։

AnewZ հեռուստաալիքի գործադիր տնօրեն Ռուֆատ Խամզաևը հայտնել է, որ վավերագրական ֆիլմը նկարահանվել է ութ երկրներում 10-11 ամսվա ընթացքում, և որ նախագծի վրա աշխատել է շուրջ 100 մարդ։ Նրա խոսքով՝ ֆիլմում նաև հարցազրույց է ներկայացված Ստեփանակերտում բնակվող և այդ իրադարձությունների անմիջական մասնակից հայազգի մի անձի հետ, և որ վերջինը մանրամասն պատմել է այն իրադարձությունների մասին, որոնց, իբր, անձամբ ականատես է եղել։

Հայտարարվել է, թե The Oligarch’s Design-ը, իբր, հիմնված է բաց տվյալների և միջազգային հետաքննությունների վրա, որոնք բացահայտել են «Տրոյկա լվացքատան» ֆինանսական ցանցը, որի միջոցով միլիարդավոր դոլարներ են փոխանցվել օֆշորային կառույցների միջոցով։

Ֆիլմի պրեմիերան, ըստ որոշ տեղեկությունների, նախատեսված է այսօր երեկոյան։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական  դատարանում, և մեղադրողը պահանջել է նրան ցմահ ազատազրկման դատապարտել։

Նշենք, որ AnewZ -ը հեռարձակումը սկսել է 2024 թվականի նոյեմբերի 4-ին Բաքվից և Ադրբեջանի պետական քարոզչական գործիքներից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment