Թրամփը դադարեցրել է Green Card–ի վիճակախաղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է Green Card–ի վիճակախաղի ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է Green Card–ի վիճակախաղի ծրագիրը, որի միջոցով ԱՄՆ էր մուտք գործել Բրաունի համալսարանում հրաձգության և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի սպանության մեջ կասկածվողը, հայտնում է Associated Press-ը։


Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ Թրամփի հրահանգով ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կարգադրվել է ժամանակավորապես դադարեցնել Diversity Immigrant Visa (DV) ծրագիրը, որը հայտնի է որպես Green Card–ի խաղարկություն։


Նոեմը հայտարարել է, որ «այդ զազրելի մարդուն երբեք չպետք է թույլ տրվեր մուտք գործել մեր երկիր»՝ նկատի ունենալով կասկածյալին, ով Պորտուգալիայի քաղաքացի Կլաուդիո Նևեշ Վալենտեն է։


48-ամյա Նևեշ Վալենտեն կասկածվում է Բրաունի համալսարանում հրաձգություն իրականացնելու մեջ, որի հետևանքով զոհվել է երկու ուսանող, ևս ինը վիրավորվել է։ Նա նաև կասկածվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի սպանության մեջ։ Հինգշաբթի երեկոյան նրան գտել են մահացած՝ հրազենային վնասվածքով, որը, ըստ իշխանությունների, նա ինքն իրեն է պատճառել։


Ներգաղթային վիզաների վիճակախաղի ծրագիրը (Diversity Visa Program) ամեն տարի տրամադրում է մինչև 50,000 Green cad այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ԱՄՆ-ում քիչ են ներկայացված (նրանցից շատերը գտնվում են Աֆրիկայում)։ Խաղարկությունը ստեղծվել է Կոնգրեսի կողմից, և այս քայլը գրեթե անկասկած կառաջացնի իրավական վեճեր։


Թրամփը վաղուց է հանդես գալիս ներգաղթային վիզաների խաղարկության դեմ։ Նոեմի հայտարարությունը վերջին օրինակն է այն բանի, թե ինչպես է ողբերգությունն օգտագործվում ներգաղթային քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար։ Այն բանից հետո, երբ նոյեմբերին պարզվեց, որ Ազգային գվարդիայի անդամների վրա մահացու հարձակում գործած հրաձիգը աֆղան է, Թրամփի վարչակազմը լայնածավալ սահմանափակումներ մտցրեց Աֆղանստանից և այլ երկրներից ներգաղթի համար։

Leave a Comment