Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն է. Մայր Աթոռի բնականոն գործունեության առումով որևէ բան փոխված չէ, և Մայր Աթոռը, ի դեմս Վեհափառ Հայրապետի, միաբանության, շարունակում է իր գործունեությունը, իր առաքելությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Երեկվա դեպքերի հետ կապված՝ պարզապես ցավալի է այն իրողությունը, որ մենք կարող ենք այսպիսի փաստի անդրադառնալ։ Բայց ամեն դեպքում մենք գիտենք և վստահ ենք, որ մեր ժողովուրդը, մեր հավատացյալ հայորդիները եկեղեցու կողքին են, ամուր են կանգնած իրենց հոգևոր զգացումների և ապրումների մեջ, և բնականաբար, մեր ժողովրդի համար եկեղեցին կարևոր արժեք և կարևոր հոգևոր կառույց է, որ միշտ պետք է պահպանել՝ ոչ թե գոռալով, այլ աղոթքով, հավատարիմ մնալով եկեղեցուն և եկեղեցու վարդապետությանը»,-նշեց նա։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ 10 եպիսկոպոսները Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով երեկ Մայր Աթոռի քարտուղարություն նամակ են փոխանցել, և հայտարարել, որ հաջորդը իրենք են գալու Մայր Տաճարում աղոթք անելու, ժամերգություն կամ պատարագ անցկացնելու, Տեր Եսային նկատեց.
«Ես նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, կարող եմ մոտավորապես ենթադրել՝ բովանդակությունը ինչպիսին պիտի լինի։ Եթե այդ նամակին արձագանք լինի, մենք պատշաճորեն այդ մասին կծանուցենք։
Ինչ վերաբերում է Մայր Աթոռում աղոթքին, Մայր Տաճարի դռները բոլորի համար բաց են, և ցանկացած պահի որևէ մեկը կարող է գալ իր աղոթքը բարձրացնել մեզ հետ միասին»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք երբ է հաջորդելու Վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների կարգալուծության հարցը։
Ի պատասխան՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նկատեց՝ Մայր Աթոռը շարունակում է կանոնականության սահմաններում իր գործունեությունը և այդ կոչերը հնչեցնել։
«Սա պրոցես է, որը ամենակարևորը պետք է լինի կանոնականության սահմաններում՝ պահպանելով եկեղեցու առաքելությունն անխաթար։ Մնացածը ընթացք է, և առաջիկայում կտեսնենք»։
Հաջորդ հարցին՝ ովքեր են Վեհափառի որոշմամբ դուրս եկել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից, Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը նշեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը։ «Նրանց փոխարինելու են Մակար Սրբազանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս սրբազանը և երրորդի անունը չեմ հիշում։ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ընտրվում կամ նշանակվում են՝ կախված աշխարհագրական դիրքից, աշխարհամասից և նաև տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից»։