Հանրապետության գլխավոր դատախազը, ներկայացնելով Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության աշխատանքները, ընդգծել է, որ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 5 միջնորդագիր: Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
«Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար: Այս պահի դրությամբ ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում տարբեր անձանց պատկանող՝ շուրջ տասը հողակտորներում ապօրինի կառուցված շինություններ»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հիշեցրել, որ միջնորդագրերի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել է քանդման 23 որոշում:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ապամոնտաժման աշխատանքները փաստագրվում են, և այս տարեվերջին կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը Դատախազության կողմից կներկայացվի հանրությանը: