Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. Տասմագամբետով

Քաղաքականություն

19.12.2025 | 11:44

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, և դուռը բաց է հանրապետության լիարժեք մասնակցության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության։ Դրա համար բոլոր պայմաններն ու նախադրյալները գոյություն ունեն։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելով։ Ավելին՝ նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ հանրապետության ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը սեղանին չէ»,- ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։

Տասմագամբետովը նշել է, որ կառույցում աշխատանքի դադարեցումն անկախ և ինքնիշխան պետության որոշում է:

«Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է իր մասնակցությունը կազմակերպության շրջանակում, ինչն արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment