Տեր Վրթանեսին ստենտավորել են, կյանքին վտանգ չի սպառնում

Տեր Վրթանեսին ստենտավորել են, կյանքին վտանգ չի սպառնում

19 դեկտեմբերի 2025 – 10:53 AMT

PanARMENIAN.Net – Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, որի ինքնազգացողությունը վատացել էր դեկտեմբերի 18–ի երեկոյան Մայր Աթոռում ժամերգության ժամանակ, ենթարկվել է ստենտավորման։ Բժիշկները տեղեկացրել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի ուշ Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը սոցցանցերում գրեց, որ տեր Վրթանեսի համար որոշիչ է մոտակա 72 ժամը։

«Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր աաթոռում… Մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք տեր Վրթանեսին», – գրել է հայր Զաքարիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։

Leave a Comment