Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակից, նրա լիարժեք մասնակցության համար դռները բաց են. Տասմագամբետով

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից, Հանրապետության լիարժեք մասնակցության համար դռները բաց են, ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց, որ ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա», – ասել է նա՝ պատասխանելով կազմակերպության կազմից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։

Նրա խոսքով՝ այն, որ պաշտոնական Երևանը դադար է տվել կազմակերպությունում իր աշխատանքին, արտացոլում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ այս պահին ձևավորված դիրքորոշումը։

«Դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ազդել չի կարող ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն», – նշել է Տասմագամբետովը։

Երևանը սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գագաթնաժողովի ընթացքում ընդգծել էր, որ նիստերին չմասնակցելը ՀՀ-ի ընտրությունն է:

Leave a Comment