Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը վստահեցնում է, որ երկրի իշխանությունները անում են ամեն ինչ՝ անհետ կորած անձանց ընտանիքներին օգնելու համար։ Այս մասին նա հայտարարեց կառավարության շենքի դիմաց անհետ կորածների հարազատների և լրագրողների հետ զրույցում, որտեղ բողոքի ակցիա էր անցկացվում՝ պահանջելով անհետ կորածների որոնման գործում կոնկրետ քայլեր ձեռնարկել։
«Կատարվում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ Քննչական կոմիտեն է տալիս։ Որոնողական գործողություններ այս պահին չեն կարող իրականացվել»,- ասաց նա։
Ակցիայի մասնակից Ռուզաննա Ստեփանյանը հայտարարեց, որ թույլ չի տա սուտ տեղեկատվություն հնչի։
«ՄԱԿ-ի գրասենյակի հանձնակատարը ինձ փոխանցել է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը և ո՛չ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կան անհետ կորածներ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։