18 դեկտեմբերի 2025 – 13:06 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և արձանագրել, որ դրա շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։
«Դեկտեմբերի 17-ին շրջայց եմ կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Այցելել եմ նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց բարձրաձայնած հարցերն ու խնդիրները։ Իմ հանձնարարությամբ ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել նաև ՄԻՊ ներկայացուցիչները, արձանագրել նրանց բարձրաձայնած հարցերը»,– գրել է Մանասյանը:
Պաշտպանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում իրեն ներկայացվել են հիմնարկում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև իրականացվող ծրագրերը, որոնք միտված են դրանց լուծմանը։
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և առկա է քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք հատկացնելու/կառուցելու անհրաժեշտություն։ Թեև պետությունն այս առումով արդեն իսկ իրականացնում է քննարկումներ, սակայն շեշտում եմ, որ խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով: Դա առանցքային է ինչպես ազատությունից զրկված անձանց մի շարք իրավունքների երաշխավորման, այնպես էլ քրեակատարողական ծառայողների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից»,– գրել է Մանասյանը։