300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ը


Սեպտեմբերի դրությամբ 2118 ուսուցիչ ստանում է 300.000-ից մինչև 400.000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ՝ 400.000-ից մինչև 500,000 դրամ, 109 ուսուցիչ՝ 500.000-ից մինչև 600,000 դրամ, 22 ուսուցիչ՝ 600.000-ից մինչև 700.000 դրամ, և 2 ուսուցիչ՝ 700.000 դրամ և ավելի վարձատրություն»,- նոյեմբերի 6-ին Կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է fip-ը:


Նա նաև հավելել էր, թե նախարարի հետ քննարկման ընթացքում ճշգրտել է, որ այն, ինչ անում են այդ երկու ուսուցիչները և ինչի արդյունքում ստանում են 700․000-ից ավելի վարձատրություն, արդյոք ցանկացած ուսուցչի հասանելի գործընթաց է, ինչին ի պատասխան ստացել է հավաստիացում, որ այդ ամենը հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին։

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է վարչապետի հնչեցրած հայտարարության հետքերով և փորձել պարզել՝ բարձր վարձատրություն ստացող ուսուցիչների հարաբերակցությունն ու տոկոսային բաշխվածությունը` ըստ մարզերի, 700․000 դրամ և ավելի ստացող ուսուցիչների վարձատրության ձևավորման հնարավոր հիմքերը։



Ինչպե՞ս է ձևավորվել 2 ուսուցչի՝ 700․000 դրամ և ավելի վարձատրությունը


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) FIP.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ վարձատրության առավելագույն չափով՝ 700 հազար դրամով վարձատրվող երկու ուսուցիչները դասավանդում են ինֆորմատիկա առարկա։ Նրանք կամավոր ատեստավորման արդյունքում ցուցաբերել են 90-100% արդյունք, միևնույն ժամանակ ունեն 4-րդ աստիճանի տարակարգ, այսինքն՝ ուսուցչի որակավորման չափանիշ, ինչպես նաև ստանում են 25% ԲՏՃՄ (բնագիտական ուղղվածության առարկաների համար-խմբ․) լրավճար։ Երկուսն էլ ունեն առավելագույն՝ 1․5 դրույքաչափի ծանրաբեռնվածություն։


Համադրելով ԿԳՄՍ-ի կողմից տրամադրված վերոնշյալ տվյալները` փորձել ենք հաշվարկել նրանց վարձատրությունը։


1) Կամավոր ատեստավորում (90-100% արդյունք)


Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N596-Ն որոշմամբ` «սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով     200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը։ 90-100% արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, և հավելավճարը տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով»։


Այսինքն՝ կամավոր ատեստավորման արդյունքում, 1․5 դրույքի դեպքում՝ վարձատրությունը կլինի 300.000 դրամ, 50% հավելավճարը՝ +150.000 դրամ




2) 4-րդ աստիճանի տարակարգ


Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է ամսական հավելավճար՝ 4-րդ աստիճանի տարակարգի համար՝ 50%։


Կամավոր ատեստավորված և 1․5 դրույք ունեցող ուսուցչի դեպքում 4-րդ աստիճանի (50%) հավելավճարը կկազմի 150.000 դրամ։


3) 25% ԲՏՃՄ լրավճար


Այս կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան տրամադրվող դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։


Այս դեպքում՝ եթե ուսուցիչը կամավոր ատեստավորում անցած է և ունի 1․5 դրույք, ապա 300.000 դրամ դրույքաչափի նկատմամբ ԲՏՃՄ 25%-ը կազմում է 75.000 դրամ։


Այս հաշվարկով ընդհանուր վարձատրությունը կազմում է մոտ 675․000 դրամ։ Սրան կարող են գումարվել նաև մեթոդմիավորման կամ հարակից այլ պարտավորությունների համար նախատեսված վարձատրությունները։


Ի դեպ, վարչապետի կողմից նշված 700․000 դրամ և ավելի վարձատրությունը վերաբերում է կեղտոտ աշխատավարձին՝ հարկերը ներառյալ։


ԿԳՄՍ-ն՝ 700.000+ վարձատրության նախապայմանների մասին


FIP.am-ը ԿԳՄՍ նախարարությանը խնդրել էր տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ նախապայմանների դեպքում է հնարավոր ստանալ 700.000 և ավելի վարձատրություն (մասնավորապես՝ ինչ դրույքաչափ, առարկայական մասնագիտացում, տարակարգ, ստաժ կամ այլ չափորոշիչներ)։


Նախարարության կողմից ուղարկված ընդհանրական պատասխանում նշված է․ «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության խրախուսման նպատակով գործում են ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման, տարակարգի, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված չափաքանակի և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը, որոնց միաժամանակյա կիրառումը հնարավորություն է տալիս ուսուցիչներին շուրջ 700.000 կամ ավելի չափով վարձատրություն ստանալ»։


Քանի որ նախարարությունից հստակ տվյալներ չեն տրամադրել, թե հատկապես որ նախապայմանների (օրինակ՝ որ տարակարգի, ատեստավորման քանի տոկոս արդյունքի և այլն) համադրման դեպքում է հնարավոր ստանալ վերոնշյալ 700.000 դրամը, մեր ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել նախարարության նշած խրախուսման ծրագրերի առանձին ուղղություններով տրամադրված և բաց հարթակներում հասանելի թվային տվյալները։


1) Հերթական և կամավոր ատեստավորում


Ըստ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության՝ Հայաստանի դպրոցներում ներկայումս աշխատում է 36.818 ուսուցիչ։


Դեկտեմբերի 4-ին կայացած Կառավարության նիստում, խոսելով կամավոր ատեստավորման ցուցանիշներից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2021-2025 թվականների տվյալներով՝ արդեն իսկ 9.200 ուսուցիչ կամավոր ատեստավորված է։ Այն կազմում է ուսուցիչների շուրջ 25 տոկոսը։


Ատեստավորման արդյունքում՝


1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով,


2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 40 տոկոսի չափով,


3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 30 տոկոսի չափով,


4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, աշխատավարձը պահպանվում է առանց դրույքաչափի փոփոխության և հավելավճարի,


5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում:


2) Տարակարգ


Ներկայումս տարակարգ ունի 1.247 ուսուցիչ, ինչը կազմում է գործող ուսուցիչների շուրջ 3.5 տոկոսը։


Առաջին աստիճանի տարակարգ ունի 178 ուսուցիչ (հավելավճար՝ 10%)։


Երկրորդ աստիճանի տարակարգ ունի 210 ուսուցիչ (հավելավճար՝ 20%)։


Երրորդ աստիճանի տարակարգ ունի 250 ուսուցիչ (հավելավճար՝ 30%)։


Չորրորդ աստիճանի տարակարգ ունի 118 ուսուցիչ (հավելավճար՝ 50%)։


3) ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների   վարձատրության բարձրացված չափաքանակ


Այս մոտեցումը վերաբերում է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում հետևյալ առարկաներ դասավանդող ուսուցիչներին՝ «Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Արհեստական բանականություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»։





Ընդ որում, սույն կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան տրամադրվող դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


Leave a Comment